Ռուսական դատարանները Ուկրաինայում լայնամասշտաբ պատերազմի սկսվելուց հետո ահաբեկչության և դիվերսիաների գործերով դատավճիռներ են կայացրել առնվազն 158 դեռահասի նկատմամբ։ Սա բխում է Գերագույն դատարանին կից Դատական դեպարտամենտի տվյալներից, որոնք ուսումնասիրել է «Վյորստկա»-ն։ Մասնավորապես, 14-ից 17 տարեկան անչափահասները դատվել են «ահաբեկչական ակտի», «ահաբեկչությանը նպաստելու», «ահաբեկչական կազմակերպության գործունեությանը մասնակցելու» և «ահաբեկչության կոչեր անելու» հոդվածներով (ՌԴ Քրեական օրենսգրքի 205, 205.1–205.5 հոդվածներ)։ Դրանցով 2022 թվականին տարբեր ժամկետների են դատապարտվել 26 դեռահաս, 2023 թվականին՝ 35, 2024 թվականին՝ 41։ 2025 թվականի առաջին կիսամյակում ահաբեկչական հոդվածներով դատապարտվել է 29 դեռահաս։

Առաջին անչափահասները, ովքեր դիվերսիայի համար բանտային ժամկետներ են ստացել, հայտնվել են 2023 թվականին։ Դրան նպաստել է այն, որ Քրեական օրենսգրքում ներմուծվել են նոր հոդվածներ՝ «դիվերսիոն գործունեությանը նպաստելը», «դիվերսիոն միավորմանը մասնակցելը» և «դիվերսիա կատարելու նպատակով ուսուցում անցնելը»։ 2023 թվականին «դիվերսիոն գործունեության» համար դատապարտվել է մեկ դեռահաս, 2024-ին՝ 13-ը։ Նույնքան էլ դատապարտվել է 2025 թվականի առաջին կիսամյակում։ Ռուս դեռահասները հաճախ են դառնում ահաբեկչության և դիվերսիաների վերաբերյալ քրեական գործերի ֆիգուրանտներ՝ զինկոմիսարիատների և ռելեային պահարանների հրկիզումների պատճառով։ Նրանցից շատերը, ինչպես պնդում են իրավապահ մարմինները, դա անում են գումարի համար, որը նրանց խոստանում են հրկիզման պատվիրատուները։

Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը նախկինում մեղադրել էր ուկրաինական հատուկ ծառայություններին՝ ռուս դեռահասներին Ռուսաստանի տարածքում դիվերսիաներ կատարելու համար հավաքագրելու փորձերի մեջ։ Նրա խոսքով՝ նման հանցագործություններում հաճախ նկատվում են ազգային ատելության մոտիվներ, ինչպես նաև «ահաբեկչական» և «նացիստական» գաղափարախոսության աջակցություն։ Բաստրիկինը նշել էր, որ նման հանցագործությունների համար նախատեսվում է պատիժ՝ ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում, ընդ որում, դեռահասները չեն գիտակցում իրենց արարքների լրջությունը և պատասխանատվության չափերը սկսում են հասկանալ միայն ձերբակալվելուց հետո։

Ահաբեկչության և էքստրեմիզմի գործերի աճի ֆոնին, որոնք ուղղված են դեռահասների դեմ, ԱԴԾ-ն (Անվտանգության դաշնային ծառայություն) առաջարկել է իր ենթակայության մեկուսարանները ներառել այն կառույցների շարքում, որոնք աշխատում են անչափահասների հետ՝ իրավախախտումների կանխարգելման շրջանակներում։ Հուլիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է մի օրենք, որի համաձայն 2026 թվականի հունվարի 1-ից ԱԴԾ-ն կկարողանա ստեղծել սեփական Քննչական Մեկուսարաններ (ՍԻԶՕ)՝ քրեական հանցագործությունների մեջ կասկածվողներին և մեղադրվողներին պահելու համար։ Մինչ այդ հատուկ ծառայությունը միայն փաստացի վերահսկողություն էր իրականացնում մի քանի մեկուսարանների նկատմամբ, մասնավորապես՝ «Լեֆորտովոյի»։