Ալմաթիում ընդդիմության չարտոնված հանրահավաքի կազմակերպիչներին, այսօր` հունվարի 28-ին, ոստիկանություն են տարել:
Ղազախստանի համազգային սոցիալ-դեմոկրատական կուսակցության հաղորդագրության մեջ նշվում է, որ կուսակցության առաջնորդ Ժարմախան Թույաքբային, գլխավոր քարտուղար Ամիրժան Քոսանովին, նախագահության անդամ Բալթաշ Թուրսիմբաեւին եւ էլի մի քանի մարդու տներից բերման են ենթարկում ոստիկանության բաժանմունքներ: «Շատ հավանական է, որ այլ ակտիվիստների եւս կալանավորեն»,-ասված է հաղորդագրության մեջ:
«Հանրահավաքից հետո, հենց տուն հասա, մեր տուն եկավ Մեդեուի փոխոստիկանապետը: Հրավիրում են ոստիկանություն` վարչական գործ կազմելու համար: Գնում եմ այնտեղ»,- գրել է Քոսանովը Twitter-ի իր միկրոբլոգում:
Ավելի վաղ Աստանայում չարտոնված հանրահավաք էր տեղի ունեցել, որտեղ ընդդիմադիրները բանաձեւ էին ընդունել, որով պահանջում են անաչառորեն հետաքննել Ժանաոզենում տեղի ունեցած իրադարձությունները եւ պատժել արյունահեղության համար մեղավոր պաշտոնյաներին:
Բանաձեւը նաեւ պահանջում էր դադարեցնել ընդդիմադիր գործիչների հետապնդումները, չեղյալ համարել տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները, իսկ կառավարությանը` հրաժարական տալ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:




























