Թունիսի մայրաքաղաքում ընթանում է «Երթ` ի պաշտպանություն ազատությունների եւ ժողվրդավարության», որն ուղղված է կրոնական եւ ծայրահեղական դրսեւորումների ուժեղացման դեմ: Ակցիան կազմակերպվել է սոցցանցերի միջոցով:
Ակցիայի կազմակերպիչները քաղաքացիներին ուղղված իրենց դիմումում ընդգծել են « Թունիսի սալաֆիթների կողմից քաղաքացիների նկատմամբ ֆիզիկական եւ խոսքային ագրեսիայի աճի», նաեւ «կրոնական ծայրահեղականների կողմից ատելության եւ բռնության տարածման» մասին: Նրանք դատապարտել են կառավարությանն` այդ վտանգավոր դրսեւորումներին չհակադարձելու համար:
Վերջին ամիսներին Թունիսում, որտեղ, ինչպես եւ Եգիպտոսում, խորհրդարանական ընտրություններում հաղթել են իսլամիստները, հաճախակիացել են արմատական իսլամիստների սալաֆիթական խմբավորման մասնակցությամբ միջադեպերը: Երկրի բուհերում սալաֆիթները ուժեղացնում են ճնշումները ուսանողների հանդեպ` նրանց ներշնչելով կանանց նիքաբ կրելու անհրաժեշտությունը: Սալաֆիթները հարձակվում են լրագրողների եւ երիտասարդ ակտիվիստների վրա, պահանջում են դադարեցնել հեռուստատեսությամբ ցուցադրվող մի շարք գեղարվեստական ֆիլմեր, որոնք «աստվածանարգ» են համարում:
Թունիսը միշտ էլ համարվել է առավել աշխարհիկ եւ Հյուսիսային Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի երկրների մեջ արեւմտյան կենսակերպին ամենահավատարիմ երկրներից մեկը: Միաժամանակ, ընտրություններին իսլամականների հաղթանակից հետո, հասարակության մեջ լուրջ մտավախություններ են առաջ եկել, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ Թունիսում սկսվել էին ժողովրդական զանգվածային հուզումներ, որոնք հանգեցրին այսպես կոչված «հասմիկյան» հեղափոխությանը: Արդյունքում 2011 թվականի հունվարի 14-ին նախագահ Զին ալ Աբիդին բեն Ալին Թունիսից Սաուդյան Արաբիա փախավ, եւ հաջորդ օրն իսկ ազատվեց պաշտոնից երկրի Սահմանադրական խորհրդի կողմից:




























