Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ Թեղուտ-Հաղարծին հատվածում բախվել են «Opel» և «Kia» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն: 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Դիլիջան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

 Բժիշկները վիրավորներին, որոնց մեջ կա անչափահաս, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու տեղում իրականացնում են հերթապահություն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդներից մեկը եղել է անչափահաս՝ 15-ամյա տղա:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: