Վաղարշապատի համայնքապետի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը համաձայն չէ, որ Դողս համայնքում միջոցառման մասնակցելով, որտեղ նաև նվերներ են բաժանվել, ինքը մեկ օր շուտ սկսել է քարոզարշավը։
«Ես ընդամենը հյուրի կարգավիճակով եմ այստեղ գտնվում»,–NEWS.am–ի հետ զրույցում ասաց նա։
Հարցին՝ ո՞ւմ եք ձեզ մրցակից համարում Վաղարշապատի ընտրություններում, Մեխակյանը պատասխանեց. «Բոլոր ուժերը, որոնք հայտ են ներկայացրել Վաղարշապատի ավագանու ընտրություններին, բոլորին էլ մրցակից եմ համարում։ Ես չեմ թերագնահատում ոչ մի քաղաքական հակառակորդի»։
Ինչ վերաբերում է նրան, որ Վաղարշապատում կարող է կրկնվել Գյումրիի սցենարը և իշխանությունները կարող են ճնշումներ գործադրել ընդդիմադիր ուժերի ու թեկնածուների վրա, Մեխակյանն ասաց. «Ես պատահականությունների չեմ հավատում։ Վաղարշապատը իր բոլոր բնակավայրերով տարբերվում է Հայաստանի մնացած համայնքներից։ Նույնիսկ մեկ համայնքի մեջ տարբեր բնակավայրեր մեկը մյուսից լրիվ տարբեր են մարդկանց մտածելակերպով նիստուկացով։ Հետեւաբար ես չեմ ուզում համեմատել Գյումրու հետ, բայց որոշակի ուժերի սերտ համագործակցությունը, ցուցակի անդամների մեկը մյուսի շտաբներ գնալ գալը, իրար շտաբներից դուրս չգալը ինձ հուշում է, որ իրենք Գյումրու սցենարը օրինակ դարձնելով, ամբողջությամբ լծված են այդ գործին։ Դա իրենց գործն է։
Մեր թիմը՝ իմ գլխավորությամբ, Վաղարշապատ համայնքում վստահ գնում է հաղթանակի հետեւից որպես Խոյ համայնքում հսկայածավալ աշխատանք կատարած թիմ, բարեփոխումներ իրականացրած թիմ և այս կարճ ժամանակահատվածում Վաղարշապատ համայնքում մի շարք փոփոխություններ, համայնքային ծառայությունների էական բարելավում իրականացրած թիմ։ Ես նաև ազնիվ քարոզարշավ տանելով և ակտիվ հանդիպումներ ունենալով բնակիչների հետ, մենք գնում ենք մեր հաղթանակի հետեւից՝ ի բարօրություն Վաղարշապատ համայնքի»։
Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ ընտրությունների նախաշեմին գուցե ընդդիմադիր որոշ ուժերի ներկայացուցիչների նկատմամբ իրավական գործընթացներ սկսվեն, Մեխակյանը պատասխանեց. «Ես ոչ մի բան չեմ բացառում, դա հնարավոր է միայն մեկ դեպքում, եթե կլինի իրավախախտում։ Նման դեպքում ես ինքս եմ պնդելու, որ իրավական գործընթաց սկսվի»։
Անդրադառնալով երեկ Գյումրիում տեղի ունեցածին, համայնքապետի պաշտոնակատարն ասաց. «Դա այն էր, ինչի մասին մենք անընդհատ ահազանգում էինք, ինչին շատերը թերահավատորեն էին վերաբերվում։ Ես ցավում եմ գյումրեցիների համար։ Այստեղ անձերը էական չեն, էական է այն, որ համայնքի փաստացի կառավարում չլինելով տուում է միայն գյումրեցին։
Կա իրավական գործընթաց, կա ձայնագրություն, կա փաստ և դրանից առաջ նաև նախաձեռնված կան քրեական գործեր։ Նման դեպքում պետությունն ի՞նչ պետք է աներ, գործազուրկի կարգավիճակով նստե՞ր։ Ես կարծում եմ, որ պետությունը համարժեք պատասխան է տվել։ Մեր ուժը հետևողական պայքար է տանում և տանելու է կոռուպցիայի ու կաշառակերության դեմ։ Չի կարող համայնքի բնակչի քրտինքով վճարումների շնորհիվ հարկերի վճարման շնորհիվ համայնքի բյուջեն մսխվի կամ ծառայի որեւէ մեկին՝ անկախ նրանից՝ այդ անձը կլինի իշխանության, թե ընդդիմության ներկայացուցիչ»։
Նշենք, որ Վաղարշապատի ավագանու ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 16–ին։ Քարոզարշավը մեկնարկում է վաղը՝ հոկտեմբերի 22–ին։
Հարցին՝ վաղը մասնակցելո՞ւ է Հովհաննավանքում կարգալույծ եղած Տեր Արամի ձեռամբ պատարագին, որին մասնակցելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Մեխակյանը բացասական պատասխան տվեց. «Վաղվանից մենք քարոզարշավի ենք, ես իրականացնելու եմ իմ քարոզարշավը Վաղարշապատ խոշորացված համայնքում»։





























