Պաշտոնական վիճակագրությունը հրապարակել է 2011թ. Հայաստանի տնտեսական ակտիվության տվյալները: Մեկ տարի առաջ պաշտոնական վիճակագրությունը հրաժարվեց եռամսյակը մեկ հրապարակել ՀՆԱ-ի տվյալները` փոխարինելով այն քիչ հասկանալի տնտեսական ակտիվության ցուցանիշով:

2011թ. հունվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը մեկնարկեց 106,1 տոկոսից եւ տարվա ընթացքում դրական ու բացասական տատանումներով տարին ավարտեց նույն ցուցանիշով:

Տնտեսական ակտիվությունը ձեւավորվում է արդյունաբերական արտադրանքի ծավալի եւ համախառն գյուղատնտեսական արտադրանքի դինամիկաների ազդեցության տակ:

Հստակ կապ կա արդյունաբերական արտադրանքի եւ արտահանման միջեւ: Հայաստանի արտահանման կառուցվածքում կոնյակի եւ էլեկտրաէներգիայի հետ բացարձակ գերակշռում է հանքարդյունաբերությունը. մետաղական հանքերի առաջնային հումքն ու մասնակի վերամշակված հումքը:

ՀՆԱ-ում 88,4 տոկոս մասնաբաժին ունի ավելացված արժեքը, մնացածը` արտադրանքի հարկերն են: Ավելացված արժեքի կառուցվածքում շինարարությունն ունի 13 տոկոս, արդյունաբերությունը` 18 տոկոս, գյուղատնտեսությունը` 23 տոկոս, ծառայությունների մատուցման ոլորտը` 46 տոկոս: Նկատենք, որ «ծառայությունների մատուցման ոլորտը» ներառում է ֆինանսական ծառայություններից մինչեւ կոշիկի նորոգում:

Հաշվի առնելով հարկերը` ՀՆԱ-ի կառուցվածքում արդյունաբերության մասնաբաժինը 12,9 տոկոս է (այդ թվում հանքարդյունաբերությունը` 3,3 տոկոս): Համեմատության համար նշենք, որ առեւտուրն ունի 13,1 տոկոս մասնաբաժին: Դրա մեջ ներառված է ավտոմեքենաների վաճառքն ու նորոգումը, կենցաղային ապրանքների եւ անձնական օգտագործման առարկաների նորոգումը: ՀՆԱ-ի կառուցվածքում 1 տոկոսի էլ չի հասնում ռեստորանների եւ հյուրանոցների մասնաբաժինը:

Անհամաչափությունների փաստը վաղուց տագնապի պատճառ է: Վտանգավոր է նաեւ արտահանման կառուցվածքի անհամաչափություններն ու արտաքին առեւտրի հսկայական բացասական հաշվեկշիռը:

Արտահանումը հստակ արտացոլում է հայրենական արդյունաբերության ծավալներն ու մրցունակությունը միջազգային շուկայում: Արդյունաբերության եւ գյուղատնտեսության փոքր մասնաբաժինը ոչ մի փաստարկներով հնարավոր չէ արդարացնել: