Ամերիկայի Ֆլորիդա նահանգի 75 մայրուղու վրա տեղի ունեցած ճանապարհային խոշոր վթարի հետեւանքով զոհվել է առնվազն 10 մարդ, 18-ն էլ վնասվածքներ են ստացել:

Լուսաբացի մառախուղի եւ անտառային հրդեհի ծխի պատճառով առաջացած  վատ տեսանելիությունն էլ վթարի է հանգեցրել: Պատահարներն արձանագրվել են երթեւեկության երկու հանդիպակաց գոտիներում էլ: Իշխանությունները կատարվածի հետաքննություն են վարում` հաշվի առնելով անտառային զանգվածի միտումնավոր հրդեհելը:

Ճանապարհային վթարի մեջ հայտնվել են  12 մարդատար մեքենա, 6 բեռնատար եւ մեկ միկրոավտոբուս:  Մահացածներից 4-ը գտնվել են միեւնույն  մեքենայում, հաղորդում է Associated Press-ը: Ըստ ականատեսների` մեքենաները միմյանց են բախվել, նրանցից մի քանիսում էլ հրդեհ է բռնկվել:

75-րդ մայրուղին սկսվում է Մայամիի շրջանում, անցնում է ամբողջ Ֆլորիդա նահանգով, այնուհետեւ  հասնում է դեպի հյուսիս մինչեւ կանադական սահման: Պատահարի վայրում մայրուղին ստիպված են եղել փակել: Հրդեհներն արդեն վերացվել են, բայց ոստիկանները չեն կարող ասել, թե երբ կվերսկսվի երթեւեկությունը, քանի որ ճանապարհային ծածկույթը վնասվել է: