Լոս անջելեսում տեղի է ունեցել ԱՄՆ-ի կինոդերասանների Գիլդիայի (SAG) 18-րդ մրցանակաբաշխությունը: Կինոյում եւ հեռուստատեսության ոլորտում 15 տարբեր անվանակարգերով նախատեսված մրցանակներն բրոնզե արձանիկներ են` թատերական երկու դիմակները ձեռքներին:
«Սպասավորը» ֆիլմը, որը պատմում է 1960-ականներին Հարավային Ամերիկայի հարուստների տներում աշխատող սեւամորթ կանանց կյանքի մասին, լավագույնն է ճանաչվել «լավագույն դերասանական խումբ» անվանակարգում: Առանձնակի նշվել են նաեւ երկու դերակատարումներ ֆիլմում «Առաջին պլանի լավագույն դերասանուհի» մրցանակն ստացել է Վիոլա Դեւիսը, իսկ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»` Օկտավիա Սպենսերը:
«Արտիստը» աղմուկ հանած ֆիլմի գլխավոր դերակատար Ժան Դյուժարդենը մրցանակ է ստացել «Առաջին պլանի լավագույն դերասան» անվանակարգում: Այս անվանակարգում նա գերազանցել է Լեոնարդո Դի Կապրիոյին, Բրեդ Փիթին եւ Ջորջ Քլունիին:
Երկրորդ պլանի լավագույն դերասանի մրցանակ է ստացել 82-ամյա Քրիսթոֆեր Պլամմերը «Սկսնակները» ֆիլմում դերակատարման համար, գրում է lenta.ru-ն:
Մրցանակներ են ստացել նաեւ «Ամերիկյան ընտանիք» կատակերգական սերիալի դերասանական կազմը, «Տիտանիկի» աստղ Քեյթ Ուինսլեթը` «Միլդրեդ Փիրս» բազմասերիանոց ֆիլմում դերակատարման համար, եւ Փոլ Ջիամաթին, որը նկարահանվել էր «Չափից դուրս լավ է անհաջողության համար» սերիալում:
Բացի այդ, մրցանակի են արժանացել նաեւ Ալեք Բոլդուինը եւ Բեթթի Ուայթը («Քլիվլենքի գեղեցկուհիները»): Վերջինս հունվարի 17-ին դարձավ 90 տարեկան: Չնայած պատկառելի տարիքին` դերասանուհին ինչպես միշտ հանրահայտ է:
Գիլդիան մրցանակների է արժանացրել նաեւ «Հարրի Փոթերը եւ մահվան պարգեւները. Երկրորդ մաս» ֆիլմի եւ «Գահերի խաղ» սերիալի կասկադյորներին: Հավակնորդների եւ մրցանակակիրների ամբողջական ցուցակը հրապարակված է մրցանակաբաշխության կայքում:
Մրցանակների բաշխումը կարող է ազդել դերասանական անվանակարգերում «Օսկար» կինոմրցանակաբաշխության ելքի վրա, քանի որ Գիլդիայի անդամները Ամերիկյան կինոմշակույթի ակադեմիայում ձայների մեծամասնություն ունեն, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























