Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Կատերինա Ռայխեն, որը նախորդ օրը ժամանել էր Կիեւ, շաբաթ օրվա՝ հոկտեմբերի լույս 25-ի գիշերը, ստիպված է եղել մեկ ժամ անցկացնել հյուրանոցի ռմբապաստարանում՝ Ուկրաինայի մայրաքաղաքի հրետակոծության պատճառով։ DW-ին այս մասին հայտնել է նախարարության մամուլի ծառայությունը՝ հղում կատարելով Ռայխեին ուղեկցող թիմի անդամների տեղեկատվությանը։

«Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռայխեն եւ նրա պատվիրակությունը ստիպված են եղել մոտ մեկ ժամ ապաստանել Կիեւի բունկերում։ Պատվիրակության բոլոր անդամները լավ առողջական վիճակում են»,- հայտնել է նախարարությունը։

Ռմբապաստարանը տեղակայված է հյուրանոցի ներկայում չօգտագործվող ստորգետնյա կայանատեղիում, որտեղ կանգ էր առել գերմանական պատվիրակությունը, գրել է Handelsblatt-ը։

Ռեյխեին ուղեկցող Bild-ի լրագրողի հեռախոսին հրետակոծության մասին ահազանգը ստացվել է տեղի ժամանակով ժամը 3:51-ին։

Շաբաթ օրը մամուլի ասուլիսում նախորդ գիշերվա իրադարձությունները մեկնաբանելով՝ Ռայխեն ասել է, որ իր համար դա «ճնշիչ փորձառություն» էր, իսկ ուկրաինացիների համար՝ «ցավոք, դժվար առօրյա»։

«Այս գիշերը եւս մեկ անգամ շատ համոզիչ կերպով ցույց տվեց ինձ, որ ռուսական հարձակումներն ուկրաինական բնակչության վրա ուղղված են այն բանին, որ նրանց թուլացնեն»,- Ռայխեի խոսքերը մեջբերել է dpa գործակալությունը։

Հոկտեմբերի 24-ին Ռայխեն ժամանել է Կիեւ, որպեսզի գնահատի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնման կարիքները վերջին ռուսական հարձակումներից հետո, որոնք լուրջ վնաս են հասցրել ուկրաինական էլեկտրացանցին։