Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն անհրաժեշտ է համարում իր երկրում փոփոխություններ կատարելը` Ռուսաստանի հետ երկխոսությունը վերականգնելու համար, եւ որպես այդ փոփոխությունների գլխավոր իրագործող տեսնում է Բիձինա Իվանաշվիլիին:

«Ասավալ-դասավալի»  թերթին տված հարցազրույցում Շեւարդնաձեն կոչ է արել վերլուծել Դմիտրի Մեդվեդեւի եւ Վլադիմիր Պուտինի վերջին խոսքերը, համաձայն որոնց Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերությունների կարգավորումն անհնար է:

Նրա խոսքով` գործարար եւ մեկենաս Իվանաշվիլիի հաղթանակը թույլ կտա կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները եւ բարելավել Արեւմուտքի հետ կապերը»: «Այսօր բոլորն են համոզվել, որ ես հարաբերությունների հավասարակշռությունը պահելու ճիշտ քաղաքականություն էի վարում, երբ բարեկամություն էի անում եւ ԱՄՆ-ի, եւ Ռուսաստանի հետ»,- նշել է նա:

«Մենք փակուղում ենք, եւ փոփոխություններն անհրաժեշտ են, գոնե այնպիսի ղեկավար ունենալու համար, որի հետ կխոսի Ռուսաստանը, քանի որ այդ երկխոսությունը կորցրած տարածքները վերականգնելու գլխավոր գործոնն է», - նրա խոսքերը մեջբերում է  «Վզգլյադ» թերթը:

Հիշեցնենք, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է Թբիլիսիի հետ վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, բայց «Սահակաշվիլիի ձեռքը չի սեղմի»: