Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունները շատ կարեւոր են ամբողջ հայ ժողովրդի համար: Այս մասին, այսօր` հունվարի 30-ին, մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը:
Ողջունելով Հայաստանի ղեկավարության հայտարարությունը արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ` դեսպանը նշել է, որ տեղյակ է ԵՄ-ի եւ ԵԱՀԿ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող տեխնիկական եւ խորհրդատվական աջակցության մասին: «Արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելը կարեւոր է ոչ միայն պաշտոնյաների եւ պաշտոնատար անձանց համար, այլեւ ողջ հասարակության եւ ժողովրդի համար` ժողովրդավարացման եւ եվրաինտեգրման ենթատեքստում», - նշել է դիվանագետը` հավելելով, որ հասարակությունը պետք է իմանա իր իրավունքները եւ ակտիվ մասնակցի ընտրություններին:
Ինչ վերաբերում է դիտորդների ժամանմանը, դեսպանը հույս հայտնեց, որ Հայաստանի իշխանությունները համապատասխան հրավեր կուղարկեն, եւ դիտորդները հնարավորություն կունենան ընտրությունների դիտարկում իրականացնել:
Հիշեցնենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները նշանակված են ընթացիկ տարվա մայիսին:



























