Եվրամիության հետ Հայաստանի վիզաների ազատականացման գործընթացը բավականին արագ է տեղի ունենում՝ ավելի, քան մի շարք այլ երկրների դեպքում է ընթացել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27–ին, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ նշել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Եվ մենք, հուսով եմ, շատ մոտ ապագայում կտեսնենք գործողությունների համաձայնեցված պլանը, որից հետո արդեն ուղղակի պետք է կատարել այն աշխատանքները, որոնք մենք պետք է կատարենք, որպեսզի ունենանք վիզաների ազատականացումը»,- մանրամասնել է Արարատ Միրզոյանը:
Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հաջորդիվ անդրադարձել է ՀՀ-ԵՄ տնտեսական հարաբերություններին, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված ծրագրերի իրականացմանը:
Մտքերի փոխանակության ընթացքում նախարարը հայտնել է, որ 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ-ԵՄ առևտրաշրջանառությունը կազմել է 2 մլրդ 9 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 5,7 տոկոսով: Նշված առևտրաշրջանառության 24 տոկոսը Հայաստանից արտահանումն է, 76 տոկոսը՝ ԵՄ երկրներից ներմուծումը։





























