Մեծ Բրիտանիայի նախորդ դեսպանն այնքան լավ է աշխատել, որ այժմ երկուսն են նշանակվել: Այս մասին հունվարի 30-ի մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը:
«Բոլորը գիտեն, որ նախորդ դեսպանը Հայաստանում գտել էր իր սերը: Նա այնքան լավ է աշխատել, որ այժմ նրա փոխարեն երկու դեսպան են նշանակել », - նշել է Քեթրին Լիչը: Հիշեցնենք, որ Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ավարտին, Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնդսդեյլը խոստովանել է, որ իր քառամյա գործունեության ամենակարեւոր ձեռքբերումն իր ամուսնությունն էր: Դիվանագետի կինն է դարձել Մեծ Բրիտանիայի դեսպանատան մամլո ծառայության ղեկավար Մարիա Սադոյանը: Չարլզ Լոնդսդեյլի իրավահաջորդներ դարձան Ջոնաթան Ջեյմս Էյվս եւ Քեթրին Ջեյն Լիչ ամուսինները: Միեւնույն երկրում ամուսնական զույգի դեսպան նշանակվելը շարունակում է մնալ հայկական առանձին լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:
Հերթական «Ինչպե՞ս Դուք կմեկնաբանեք մամուլի հրապարակումները» հարցը Քեթրին Լիչին տրվեց հունվարի 30-ին: Դրան բրիտանացի դիվանագետը պատասխանեց հարցով` իսկ ո՞ր մամուլը նկատի ունեք: «Եթե դուք նկատի ունեք բրիտանական մամուլը, ապա նման հրապարակում եղել է միայն մեկ թերթում, որը, մեղմ ասած, դրական չի վերաբերվում ԱԳՆ-ի գործունեությանը», - նշել է Քեթրին Լիչը: «Հասկանում ենք, որ սա սովորական նշանակում չէ, եւ մարդիկ հարցեր ունեն: Հուսով եմ, որ ինձ եւ իմ ամուսնուն ճանաչելուց հետո վերաբերմունքը կփոխվի, եւ մարդիկ կզգան, որ երկու նվիրյալ դիվանագետներ են աշխատում: Հուսով եմ, որ սա համոզիչ պատասխան է», - նշել է դեսպանը:



























