«Մոնտա» արևադարձային փոթորիկը, որի քամու պոռթկումների արագությունը կարող է հասնել 90-100 կմ/ժ-ի, հնդկական ափ կհասնի երեքշաբթի ուշ երեկոյան, հայտնում է The Times of India-ն։
Ակնկալվում է, որ այն ցամաք կհասնի երկրի հարավարևելյան ափին գտնվող Անդհրա-Պրադեշ նահանգի Կակինադա քաղաքի մոտակայքում և այդ պահին ցիկլոնի քամու պոռթկումների արագությունը կարող է հասնել 110 կմ/ժ-ի։
«Մոնտայի» մոտենալն ազդել է առնվազն 183 գնացքների երթևեկության վրա, չեղարկվել են որոշ չվերթներ։
Նահանգը կբախվի ուժեղ անձրևների և հզոր քամու հետ։ Իշխանությունները պատրաստվում են այն բանին, որ քամին կարող է տապալել ծառերն ու էլեկտրահաղորդման սյուները, ինչը կհանգեցնի կապի համակարգերի և էլեկտրամատակարարման խափանումների։
Երկուշաբթի օրը տեղական լրատվամիջոցները հաղորդել են, որ ցիկլոնից առաջ առնվազն 50 հազար մարդ է տարհանվել օգնության ճամբարներ, հղիության ուշ փուլում գտնվող մոտ 800 կանայք տեղափոխվել են հիվանդանոցներ։
Վերջին տվյալների համաձայն՝ Մոնտան գտնվում է Կակինադայից մոտավորապես 240 կմ հարավ-արևելք ընկած հատվածում։



























