Խոսել արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, այժմ արդեն անիմաստ է, բայց նախագահական արտահերթ ընտրությունները մնում են Հայ ազգային կոնգրեսի օրակարգում։ Այս մասին այսօր` հունվարի 30-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Նրա խոսքով, ասուլիսից հետո կայանալու է ՀԱԿ-ի քաղխորհրդի նիստը, որտեղ կուսակցությունները կներկայացնեն իրենց մոտեցումները ընտրական ցուցակի շուրջ։ «Առայժմ այդ հարցը դեռ չի քննարկվել, թեեւ առանձին կուսակցություններ ներկայացրել են իրենց մոտեցումները»,-ասաց Զուրաբյանը:

«Ցավոք վերջերս շատ լրատվամիոցներ ինչ ասես չեն գրում Կոնգրեսի քաղխորհրդի նիստերի մասին։ Իբր սա այսքան է պահանջել, նա այնքան է պահանջել։

Ես ուզում եմ զգուշացնել, որ եթե սա շարունակվի, մենք կհրապարակենք այն լրատվամիջոցների անունները, որոնք միտումնավոր կեղծ ինֆորմացիա են տարածում»,-սպառնաց ՀԱԿ համակարգողը:

«18 կուսակցությունների դաշինքն աննախադեպ բան է։ Բարդ է ցուցակի շուրջ համաձայնության գալը։ Մենք արել ենք գլխավորը՝ կուսակցությունները որոշել են ստեղծել դաշինք՝ առանց ցուցակը քննարկելու։ Նշանակում է, որ ավելի բարձր են դնում սկզբունքները, քան` քաղաքական առեւտուրը։ Իշխանությունները լուրջ ակնկալիք ունեին, որ չենք գա համաձայնության։ Ոչինչ, մենք իրենց կհիսաթափեցնենք»,- հայտարարեց Լ. Զուրաբյանը, հավելելով. «Տրամաբանական կլինի, որ ցուցակի առաջին տեղում լինի Լեւոն Տեր-Պետրոսյանը, բայց պաշտոնական ոչինչ չեմ կարող ասել, որովհետեւ դեռ չի քննակվել»: