Եթե մարդը բանտարկվել է իր քաղաքական հայացքների համար, նա քաղբանտարկյալ է, անկախ նրանից, թե հետագայում ինչ վարմունք է դրսեւորել: Այս մասին այսօր` հունվարի 30-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

«Այդ մարդկանցից շատերն, օրինակ, չդիմանալով զրկանքներին, ներման խնդրագրեր են ներկայացրել, բայց անգամ եթե դիմել է՝ չդիմանալով ճնշումներին, նա չի դադարում քաղբանտարկյալ լինելուց։ Միգուցե պարտադրել են, որ խնդրագիր գրեն, ուրեմն զոհ է։

Եթե այսօր որոշ քաղբանտարկյալներ, չդիմանալով ճնշումներին, գործարքի են գնացել իշխանությունների հետ, ես չեմ ցանկանում դատապարտել, այլ համարում եմ ճնշումների զոհ։

Եւ այս պրոցեսում մեղադրում եմ իշխանություններին, որ փորձում են մարդկանց բարոյապես ոչնչացնել»,-ասաց նա, սակայն հրաժարվեց մանրամասնել, թե ով է գնացել գործարքի իշխանությունների հետ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ նախկին քաղբանտարկյալ Սուրեն Սիրունյանը հայտարարել էր, որ հետ է վերցնում Եվրադատարանին ուղղված իր բողոքը, որից հետո ՀԱԿ-ի անդամ Գագիկ Ջհանգիրյանն ասուլիսում հայտարարեց, որ եթե նման բան տեղի ունենա, իրենք կդադարեն Սիրունյանին քաղբանտարկյալ համարել:

Նշենք նաեւ, որ ՀԱԿ-ի ներսում կան նախկին քաղբանտարկյալներ, ովքեր ընդհանրապես չեն դիմել Եվրադատարան: