Սեփականատերերը՝ «Տաշիր կապիտալը» և Կիպրոսյան կազմակերպությունը, որպես կողմ ներգրավված են այս գործընթացում, բնականաբար սեփականատերը ունենալու ներկայացուցիչներ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀԷՑ–ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը՝ անդրադառնալով ՀԾԿՀ կայանալիք նիստին, որտեղ, հնարավոր է քննարկվի ՀԷՑ–ին լիցենզիայից զրկելու հարցը։
«Մեր գլխավոր տնօրենին, որը առողջական խնդիրների հետ կապված Հայաստանում չէ, ինչքանով տեղյակ եմ, զրկեցին կողմ լինելուց, բայց սեփականատերը ունենալու ներկայացուցիչներ։ Ես ձեզ անկեղծ ասեմ, շատ հետաքրքիր նիստ է սպասվում, ես պահանջելու եմ, որպեսզի ժամանակային սահմանափակում չդրվի։ Ռեգլամենտ կա, հարց ու պատասխան, անակնկալներ էլ են սպասվում շատ, որոնք ես այսօր բնականաբար չեմ բացի, հենց այդ ժամանակ բոլորդ կլսեք։
Ես համոզված եմ, որ իրենք լիցենզիայից զրկելու ճանապարհով են գնալու, կնայեք հանձնաժողովի անդամների աչքերին ոչ մեկ աչքերը չի բարձրացնելու, բայց գնալու են այդ որոշմանը։ Մեր խնդիրը բնականաբար պայքարելն է, բայց առաջին հերթին մեր հասարակությանը ցույց տալ, թե ինչ է կատարվում»,–ասաց նա։
Հարցին՝ եթե ՀԷՑ–ին զրկեն լիցենզիայից և հանձնաժողովի կողմից առաջարկ արվի սեփականատերերին, այն կընդունե՞ն, թե կգնան դատական ատյաններով վիճարկման ճանապարհով, Դավիթ Ղազինյանը պատասխանեց. «Ես չեմ կարող պատասխանել սեփականատիրոջ փոխարեն կընդունի թե ոչ, նայած առաջարկ։ Քանի դեռ առաջարկը արված չի, քանի դե յուրե լիցենզիան վերցրած չի, շուտ է դրա մասին խոսելը։ Կվերցնեն լիցենզիան, կանեն առաջարկը, ըստ այդմ կխոսենք։
Սամվել Կարապետյանը վերջին հաշվով կորցնում է ՀԷՑ–ը, բայց իր գումարները ստանալու է հետ։ Այսինքն ժողովրդի հաշվին, ընդամենը քաղաքական հարց են լուծում իրենց համար, գումարած դրան ինձ համար շատ մտահոգիչ է ՀԷՑ–ի կառավարումը։ Հավատացած եղեք, լինելով ներսի մարդ, ես ինչեր եմ լսում ու տեսնում, Աստված էլ բեթարից ազատի»։




























