«Կիրակի օրը Հովհաննավանքում մատուցված «պատարագի» մասնակից սարկավագներից և դպիրներից միայն մեկին եմ ճանաչում հեռակա կարգով, մյուսներին ընդհանրապես չեմ ճանաչում, չգիտեմ նրանք ձեռնադրվա՞ն են դպիր կամ սարկավագ, թե ոչ»։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար տեր Եսայի քահանա Արթենյանը։
«Միայն Ռոբերտ սարկավագին գիտեմ, որը որևէ կապ չունի եկեղեցու և Մայր Աթոռի միաբանության հետ։ Նա վաղուց դուրս է եկել Մայր Աթոռի միաբանությունից։ Նա ճեմարանում կիսատ էր թողել կրթությունն ու մեկնել արտերկիր»,–ասաց տեր Եսային՝ նշելով, որ պարզ է՝ «պատարագին» մասնակիցներից շատերը քաղաքացիական անձինք են եղել։
Խոսելով այն մասին, որ կարգալույծ քահանան հերքում է Տեր Սարգիսի խոսքերն այն մասին, որ նա փոխել է եկեղեցու փականները, Տեր Եսային ասաց.
«Եթե Տեր Սարգիսն ասում է, որ Ստեփան Ասատրյանը փոխել է եկեղեցու փականները և բանալիներն էլ միայն իր մոտ է պահում, ես վստահում եմ նրան։ Բայց փականները փոխելն այսօրվա միակ խնդիրը չէ։ Վանական համալիրն օկպուպացված է իրավապահների կողմից, և ամբողջ համալիրը սպասարկում է կարգալույծ հոգևորականին։ Եկեղեցու փականը փոխելը հարցի երկրորդ կողմն է։ Հովհաննավանքի գործունեությունն ամբողջությամբ խախտված է։ Տարբեր հավատացյալներ զանգում են մեզ, որովհետև ունեն Հովհաննավանքում գրանցված ծեսեր և չգիտեն՝ գնալ, թե չգնալ այնտեղ։ Մարդիկ ուխտ են արել Հովհաննավանքում կատարել իրենց պսակադրությունը, այսօր այդ հնարավորությունից զրկված են, քանի որ գիտեն, որ այնտեղ կարգալույծ հոգևորական է ծես կատարում»։
Տեր Եսայի քահանա Արթենյանը նշեց, որ փաստաբան Արա Զոհրաբյանը կարգալույծ քահանայի կողմից եկեղեցու փականները փոխելու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։
Հարցին՝ կարծում են հնարավո՞ր է իրավական ճանապարհով լուծել հարցը, նա պատասխանեց.
«Դժվար է ակնկալիքներ ունենալ՝ հաշվի առնելով իրավապահ և դատական համակարգերի այսօրվա անօրեն գործունեությունը»։





























