Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր` հունվարի 30-ին, ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Անդրեյ Սորոկինին եւ շնորհավորել նրան պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Նալբանդյանը հույս է հայտնել, որ դեսպան Սորոկինի գլխավորությամբ ԵԱՀԿ գրասենյակը կշարունակի իր ծրագրերի իրականացումը:

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ դեսպան Անդրեյ Սորոկինը նշել է, որ ԵԱՀԿ-Հայաստան հարաբերությունները միշտ աչքի են ընկել բազմաբովանդակությամբ եւ իրենց մեջ ներառում են ՀՀ ակտիվ ներգրավվածությունը ԵԱՀԿ գործունեության բոլոր երեք ուղղություններով:

Նախարար Նալբանդյանը գոհունակություն է հայտնել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի 10-ամյա արդյունավետ գործունեության կապակցությամբ եւ վստահեցրել, որ արտգործնախարարությունը կշարունակի ամենայն աջակցություն ցուցաբերել գրասենյակի աշխատանքներին:

Էդվարդ Նալբանդյանն ու Անդրեյ Սորոկինը քննարկել են նաեւ տարածաշրջանային մի շարք հարցեր: