«ՀԷՑ»–ի սեփականատերը դիմել է Ստոկհոլմյան միջազգային արբիտրաժ, որը բավարարել է միջանկյալ միջոցը, ասել է, որ պետությունը պետք է դադարեցնի այս հակաիրավական պրոցեսը, դրանից հետո իրենք անտեսելով այդ որոշումը ժամանակավոր կառավարիչ են նշանակել։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
«Իրենք արհամարհում են միջազգային արբիտրաժային դատարանի որոշումը, նշանակում են իրենց ներկայացուցչին, ու մենք հայտնվում ենք իրավական խութում։ Միջազգային արբիտրաժի համատեքստում, բոլոր այն երկրներում, որոնք վավերացրել են կոնվենցիան, ունեն հանրային շահի գերակայության խնդիր, այսինքն շատ նեղ ու սպեցիֆիկ դեպքեր կան, երբ պետությունը միջազգային արբիտրաժի կողմից կայացված որոշումը կարող է չկատարել՝ հղում կատարելով պետության հանրային շահին։ Բայց դա շատ հիմնավոր պետք է լինի, իսկ այս դեպքում, հղում է արվել այդքան ընդհանրական մեկնաբանման, դա ընդհանրապես ամբողջ միջազգային արբիտրաժի պրակտիկային հակասում է ու հեղինակազրկում է այս կառույցի հեղինակությունը։
Ես, որպես քաղաքացի, ոչ միայն գոհ չեմ, այլև որպես իրավաբան, ծայրաստիճան դժգոհ եմ, որ սա հերթական հակաօրինական ու հակաիրավական գործընթացն է իմ երկրում, և իմ պետության քարը քարի վրա դրված, մեծ ջանքերի արդյունքում ձեռք բերված հեղինակությունը միջազգային կառույցների և գործընկերների առջև այսքան հեղինակազրկում է։ Որ բացառապես քաղաքական թիրախավորման հետևանքով իմ երկիրը կորցնում է գրավչությունը դրսից նոր ներդրողների համար։
Իմ երկրում կոպտորեն խախտում են սեփականության իրավունքը։ Այս ամենը, ինչ տեղի ունեցավ ՀԷՑ–ի հետ, որևէ կերպ իրավական տրամաբանության մեջ չէր տեղավորվում։
Մեզ նոր աղետ է սպասում, որովհետեւ բոլորս հասկանում ենք, որ եթե ՀԷՑ–ի գլոբալ կառավարման տապալում տեղի ունեցավ, դրա հետևանքը բոլորս ենք կրելու։
Հարգելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, իմ կոչն է, հորդորն է հասկանալու, որ թույլ մի տվեք ձեզ ճնշեն, թույլ մի տվեք ձեզ խեղճացնեն։ Դուք եք այս երկրում իշխանության աղբյուրը, պետական մարմինները, պաշտոնատար անձինք, իրենց գործողությունները պետք է ձեր շահով պայմանավորվեն, ոչ թե անձնական շահով, դիրքով և անձնական կյանքի նպաստավոր պայմաններով։
Այո, մենք այսօր ուղերձ ենք հղում՝ իջեցրեք սակագինը։ Պետք է սա դառնա ֆլեշմոբ, պետք է դառնա հանրային պահանջ, որովհետև հստակ թվաբանությամբ ընթացակարգերով ապացուցում ենք, ցույց են տալիս այս մարդիկ, որ կա դրա ֆինանսական հնարավորությունը»,– հայտարարեց Մելոյանը։




























