«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով այն փաստին, որ վարչական դատարանը երեկ պարտադրել է ոստիկանությանը` վերջին 5 տարում ՀՀ-ում բնակվելու տեղեկանք տալ Հայկական ժամանակ" օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա կարողանա մասնակցել 10-րդ ընտրատարածքում պատգամավորի ընտրություններին, նշել է, որ դա կարող է պայմանավորված լինել երեք պատճառներով. «Կա'մ իշխանությունը որոշել է քաղաքական կամք դրսևորել, ինչը շատ քիչ հավանական եմ համարում, կա՛մ նախապատրաստել է նոր սցենար, և Փաշինյանի մասնակցությունն ընտրություններին կխոչընդոտվի այլ փուլերում։ Եվ կա երրորդ տարբերակը՝ գուցե իշխանությունն արտաքին գործոնների պատճառով անելանելի վիճակում է և առայժմ վերջնական որոշում չի կայացրել ու սպասում է իրադարձությունների զարգացմանը»։ Այդուհանդերձ, նա դրական է համարել վարչական դատարանի որոշումը, ընդգծելով, որ ընդդիմությունն ամեն ինչ պետք է անի 10-րդ ընտրատարածքում քաղաքական պայքար մղելու և հաղթանակ տանելու համար։
«Իլյուզիաներ, թե իշխանությունները դեմոկրատական փոփոխությունների են գնում վարչական դատարանի միայն երեկվա որոշմամբ, ես չունեմ։ Դա իշխանությունը պետք է կոմպլեքս քայլերով ապացուցի։ Եթե 10-րդ ընտրատարածքում իշխանությունը կարողանա ազատ մրցակցության միջավայր ստեղծել, առաջին ողջունողներից մեկը կլինեմ ես՝ անկախ նրանից՝ թեկնածուներից ով կտիրանա մանդատին։ Բայց ես առայժմ նման մթնոլորտ չեմ տեսնում»,- իր խոսքն ամփոփել է ընդդիմադիր գործիչը:




























