ԿԳՄՍ նախարարությունը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը նոյեմբերի 8-15-ը հայտարարում են Մեդիագրագիտության շաբաթ Հայաստանում և հրավիրում ՀՀ բոլոր դպրոցներին, մանկապարտեզներին, բուհերին, գրադարաններին, կրթական և մշակութային կենտրոններին և այլ շահագրգիռ կառույցներին՝ միանալու շաբաթվան։
ԿԳՄՍՆ–ից NEWS.am–ին հայտնում են, որ Հայաստանում Մեդիագրագիտության շաբաթն անցկացվում է արդեն 8-րդ անգամ՝ այս տարի «Մեդիագրագիտություն և պատասխանատու թվային քաղաքացիություն» խորագրի ներքո։
Նոյեմբերի 8-ին Մեդիագրագիտության շաբաթվա պաշտոնական բացումը կազդարարվի թեմատիկ կոնֆերանսով (գրանցվել հնարավոր է՝ այստեղ), որի շրջանակում կանցկացվեն պանելային քննարկումներ, համաժամանակյա աշխատարաններ՝ նախատեսված ուսուցիչների, դասավանդողների, փաստեր ստուգողների, երիտասարդների համար։ Միջազգային և տեղացի փորձագետները կանդրադառնան մեդիագրագիտության ինտեգրման միջազգային փորձին, արհեստական բանականության մարտահրավերներին ու փաստերի ստուգման կարևորությանը, ինչպես նաև ֆիլմերի կիրառությանը՝ որպես կրթական մեթոդ։
Մեդիագրագիտության շաբաթն ամենամյա նախաձեռնություն է, որը հնարավորություն է կրթության ոլորտի կառույցների ու կազմակերպությունների համար՝ օգտվելով առկա կրթական ռեսուրսներից՝ միջոցառումներ ու դասեր անցկացնել, մասնակցել առցանց և դեմառդեմ հանդիպումների, ինչպես նաև մշակել և իրականացնել կրթական նախագծեր։
Մեդիագրագիտության շաբաթը միջազգային շարժում է, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ անցկացվում է ամեն տարի աշնանը՝ նպատակ ունենալով ավելի մեծ ուշադրություն հրավիրել մեդիան հասկանալու, վերլուծելու, գրագետ և արդյունավետ օգտագործելու կարևոր խնդիրների վրա։
Ինչպես միանալ Մեդիագրագիտության շաբաթվան․
Հետևել ԿԳՄՍՆ և ՄՆԿ ֆեյսբուքյան էջերին.
Սովորել՝ անցնելով «Մեդիա iգիտություն» առցանց դասընթացը և նոր «5 մատի պես ճանաչել մեդիան» դասընթացը.
Ուսումնասիրել ԿԳՄՍՆ կողմից երաշխավորված «Մեդիա iգիտություն» ուսուցչի ձեռնարկը, դրա հիման վրա իրականացնել ուսումնական նախագծեր.
Ուսումնասիրել ՄՆԿ հրատարակած «5 մատի պես ճանաչել մեդիան» ձեռնարկը, իրականացնել դասընթացներ առաջարկված թեմաներով՝ օգտագործեով ընդգրկված գործիքակազմը.
Ծանոթանալ մեդիագրագիտության այլ ռեսուրսների Media.am կայքում, դրանց օգնությամբ անցկացնել դասեր, քննարկումներ, միջոցառումներ.
Սովորողների հետ հանդիպման հրավիրել լրագրողների կամ կազմակերպել այց որևէ լրատվամիջոց.
Խաղալ մեդիագրագիտության համակարգչային և սեղանի խաղեր.
Ուսուցիչների համար․ մասնակցել առցանց կամ առդեմ հանդիպումներին, հանդես գալ հոդվածներով մեդիայի և մեդիագրագիտության թեմաներով, կիսվել փորձով և իրականացրած նախագծերով.
Ստեղծել և սոցիալական մեդիայում տարածել կրթական ու տեղեկատվական նյութեր, մեդիագրագիտության ուղերձներ ու կանոններ #եսմեդիագրագետեմ, #մեդիագրագիտությանշաբաթ2025 հեշթեգերով։
Կոնֆերանսի և շաբաթվա միջոցառումներին կարելի է ծանոթանալ https://mediainitiatives.am/ml-week-2025/ և https://tinyurl.com/4ssm4hmj կայքերում։



























