Նյույորքյան ձայնագրման Wind-Up Records ընկերության նախկին ղեկավար եւ պոկերի մոլի խաղացող, 67-ամյա Ալան Մելթցերն իր վարորդին եւ դռնապանին 1,5 մլն դոլար ժառանգություն է թողել:
«Ես դեռեւս չեմ որոշել, թե ինչ եմ անելու գումարը, բայց մի բան հաստատ գիտեմ, ամեն տարի ծաղիկներ եմ դնելու Ալանի գերեզմանին: Չնայած որ հարստացել եմ, բայց չեմ կարող ասել, թե երջանիկ եմ. Չէ որ դա նշանակում է, որ Ալանն այլեւս մեզ հետ չէ», -նշել է հանկարծակի միլիոնատեր դարձած 54-ամյա վարորդ Ժան Լաբորդը: Մելթցերը նրան 1 մլն դոլար է կտակել` իր ունեցվածքի 10%-ը:
500 հազար դոլար կլորիկ գումար էլ մագնատը կտակել է իր Մանհեթանի տան դռնապան Շամիլ Դեմիրաժին: «Մենք Ալանի հետ լավ ընկերներ էինք, սակայն ինձ համար նման մեծահոգի քայլն անակնկալ էր», - տպավորություններով կիսվել է դռնապանը:
Մելթցերը վախճանվել է հոկտեմբերին` իր կնոջ` Դիանայի հետ ամուսնալուծությունից մեկ տարի անց: Կնոջ հետ նրանք ապրել էին 13 տարի: Զույգը երեխաներ չէր ունեցել:
Կնոջը միլիոնատերը ոչ մի գրոշ չի թողել, սակայն վերջինս ոչ մի պահանջ չի ներկայացրել: «Նա փողերը թողել է նրան, ում որ ցանկացել է: Մենք ամուսնալուծված ենք, եւ ինձ համար միեւնույն է, թե նա ինչ է արել իր միլիոնները», - նշել է Դիանան, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























