Հայաստանի և Չինաստանի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթում հղում կա «Խաղաղության խաչմերուկ» և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծերին, որոնք ունեն բովանդակային համընկնումներ, ճիշտ այնպես, ինչպես ունեն համընկնումներ Միջին միջանցքի և այլ նախագծերի հետ։ Այս մասին նոյեմբերի 4-ին «Օրբելի - 2025» միջազգային համաժողովում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա դա անվանել է Հայաստանի հավասարակշռված արտաքին քաղաքականության էությունը, որը հանգում է ոչ թե շահերի բախման, այլ այդ շահերի փոխլրացմանը։

Փաշինյանը նկատել է, որ եթե սկզբում գործընկեր երկրները Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից հետո մտահոգություն էին հայտնում, ապա ժամանակի ընթացքում նրանք սկսել են հետաքրքրություն ցուցաբերել։ Նա կրկնել է, որ Վաշինգտոնյան համաձայնագրերի իրականացման արդյունքում Իրանը կստանա տարանցիկ ճանապարհ դեպի Սև ծով և հակառակ ուղղությամբ։ «Այս նախագծի իրականացմամբ՝ Վրաստանի տարանցիկ հնարավորությունները էականորեն կմեծանան Սև ծով, Պարսից ծոց ուղղությամբ։ Բացի այդ, խոսակցություններ են ընթանում այն մասին, որ Ռուսաստանը կարող է երկաթուղային կապ հաստատել Հայաստանի հետ՝ Ադրբեջանի տարածքով», - ընդգծել է Փաշինյանը։