Հարցազրույց Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի հանրային հատվածի (տարածաշրջան 2), ծրագրերի և կորպորատիվ ֆինանսավորման (Գլոբալ) հաճախորդների ներդրումային հարցերով պատասխանատու գլխավոր ներդրումային տնօրեն Կոնստանտին Լիմիտովսկու հետ։ 

Կարո՞ղ եք ներկայացնել Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի (AIIB) գործունեությունն ու պորտֆելը Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջաններում։

AIIB-ն ակտիվորեն ներգրավված է Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջաններում այնպիսի ներդրումների միջոցով, որոնք խթանում են կայուն տնտեսական աճը, տարածաշրջանային ինտեգրումը և երկարաժամկետ դիմակայունությունը։ Մեր գործունեության մեջ մենք առաջնորդվում ենք չորս թեմատիկ առաջնահերթություններով՝ կանաչ ենթակառուցվածքներ, հաղորդակցություն և տարածաշրջանային համագործակցություն, մասնավոր կապիտալի մոբիլիզացում և տեխնոլոգիահեն ենթակառուցվածքներ։

Մինչեւ օրս Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկը հաստատել է 870 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում Ադրբեջանում իրականացվող ծրագրերին և ավելի քան 380 միլիոն ԱՄՆ դոլար՝ Վրաստանում՝ աջակցելով ռազմավարական ենթակառուցվածքների զարգացմանը, որոնք ուժեղացնում են մրցունակությունը և բարելավում կյանքի որակը։ Օրինակ՝ Վրաստանում մեր վերջերս կատարված ներդրումը նպաստում է առողջապահական ծառայությունների ավելի մեծ հասանելիության ապահովմանը թերսպասարկված շրջաններում՝ միաժամանակ մոբիլիզացնելով մասնավոր կապիտալ երկրի առաջին կորպորատիվ սոցիալական պարտատոմսի թողարկման միջոցով։ Ֆինանսավորումը օգնում է ընդլայնել բժշկական ծառայությունները շրջաններում և ձեռք բերել սարքավորումներ նոր ուռուցքաբանական կենտրոնի համար՝ բարելավելով առողջապահության հասանելիությունը Թբիլիսիից դուրս։ 

Մենք ակնկալում ենք ընդլայնել այս տարածաշրջանային գործընկերությունը 2025 թվականին Հայաստանի միացումով AIIB-ին։ Մենք մեր ներգրավվածությունը կհիմնենք Հայաստանի զարգացման առաջնահերթությունների վրա՝ նպաստելով Հարավային Կովկասում հաղորդակցության ամրապնդմանը, էներգետիկ դիմակայունությանը և կայուն ենթակառուցվածքների զարդացմանը։ 

Հայաստանը վերջերս միացել է AIIB-ին։ Ի՞նչ է սա նշանակում երկրի համար, և ի՞նչ հնարավորություններ է ստեղծում անդամակցությունը։

AIIB-ին Հայաստանի միանալը կարևոր հանգրվան է ինչպես երկրի, այնպես էլ բանկի համար։ Անդամակցությունը Հայաստանին հասանելիություն է ապահովում AIIB-ի երկարաժամկետ ֆինանսավորման գործիքներին, միջազգային փորձառությանը և տարածաշրջանում ու դրա սահմաններից դուրս գործընկերային ցանցին։ Սա կօգնի ներդրումներ մոբիլիզացնել այն ենթակառուցվածքներում, որոնք աջակցում են Հայաստանի ազգային զարգացման առաջնահերթություններին՝ միաժամանակ խորացնելով երկրի մասնակցությունը տարածաշրջանային համագործակցության հարթակներին։ 

Ո՞րն է AIIB-ի ռազմավարական հետաքրքրությունը Հայաստանի և նրա զարգացման օրակարգի համատեքստում։

Հայաստանը արժեք է ներկայացնում AIIB-ի համար՝ թե՛ ռազմավարական, թե՛ տնտեսական առումներով։ Երկիրը հանձն է առել իրականացնելու կառուցվածքային բարեփոխումներ և ապահովելու մակրոտնտեսական կայունություն և ներդրումներով պայմանավորված աճ, ինչը երկարաժամկետ ենթակառուցվածքային համագործակցության տեսանկյունից Հայաստանը դարձնում է վստահելի գործընկեր։ 

Վերջին տասնամյակում Հայաստանը կայուն տնտեսական աճ է գրանցել բիզնես միջավայրի, հարկաբյուջետային կառավարման և հանրային ներդրումների արդյունավետության էական բարելավման շնորհիվ։ Մենք նաև տեսանք, որ կառավարության զարգացման օրակարգի առաջնահերթություններ են տնտեսական դիվերսիֆիկացիան, հաղորդակցությունների զարգացումը, էներգետիկ անվտանգությունը և թվային փոխակերպումը՝ այն ոլորտները, որտեղ AIIB-ն ունի մեծ ոլորտային փորձ։

Հայաստանի աշխարհագրական դիրքը նույնպես այն կարևոր է դարձնում տարածաշրջանային համագործակցության և հաղորդակցության համատեքստում։ Երկիրը կապող դեր ունի Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի միջև, և դրա ինտեգրումը տարածաշրջանային տրանսպորտային, առևտրային և էներգետիկ ցանցերին մնում է երկարաժամկետ ռազմավարական նպատակ Եվրասիայում հաղորդակցության ապահովման համար։

Համագործակցության ի՞նչ ոլորտներ են քննարկվում AIIB-ի և Հայաստանի միջև։  

Հայաստանի հետ մեր քննարկումները միտված են բացահայտելու այն ոլորտները, որտեղ AIIB-ն կարող է ավելացված արժեք ապահովել կայուն և նորարարական ենթակառուցվածքային լուծումների միջոցով։  

Հայաստանի անդամակցությունը կարող է ստեղծել խոշոր տարածաշրջանային ներդրումային ծրագրերին մասնակցելու, ինչպես նաև տարբեր նախագծերի իրականացման համար պետական և մասնավոր կապիտալ ներգրավելու նոր հնարավորություններ ստեղծել բանկի համար։  

Արդեն դիտարկվում են խոշոր ենթակառուցվածքային նախագծեր և մի շարք ոլորտներ, ինչպիսիք են էներգետիկան, ջրային համակարգերի կառավարումը և այլն։ Մեծ հետաքրքրություն կա նաև այն նախագծերի նկատմամբ, որոնք ինտեգրում են թվային ծառայություններն ենթակառուցվածքների պլանավորման մեջ։

Ինչպիսի՞ հետագա քայլեր են անհրաժեշտ առաջարկվող նախագծերն իրականացնելու համար, և ի՞նչ իրատեսական ժամկետներում։

Գործընթացը սկսվում է նախագծերի նույնականացումով և իրագործելիության ուսումնասիրություններով՝ ներառյալ բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատումը, որին հետևում է ֆինանսավորման կառուցվածքի մշակումը։ AIIB-ն, կախված նախագծի բնույթից, ապահովում է տարբեր ձևաչափերով ֆինանսավորում՝ պետական երաշխավորությամբ, ոչ պետական երաշխավորությամբ կամ խառը ֆինանսավորման միջոցով։ Կախված նախագծի բարդությունից՝ նախապատրաստումը կարող է տևել 6-ից 18 ամիս, իսկ իրագործումը՝ մի քանի տարի։ Մենք առաջնահերթություն ենք տալիս որակին, երկարաժամկետ կայունությանը և ամուր տեղական գործընկերությանը։

Ո՞ր ոլորտներն, ամենայն հավանականությամբ, առաջնահերթություն կստանան Հայաստանում Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի (AIIB)՝ առաջիկայում սպասվող նախագծերում։

Առանձնանում են հետևյալ ոլորտները՝ տրանսպորտը  (ճանապարհային/երկաթուղային հաղորդակցության բարելավումը), թվային ենթակառուցվածքները (լայնաշերտ կապի ծածկույթը, հեռահաղորդակցությունը), էներգետիկան (վերականգնվող էներգիայի աղբյուրները, էլեկտրահաղորդման ցանցերի արդիականացումը, էներգաարդյունավետությունը) և ջրի ու սանիտարական ոլորտները։ Հայաստանի՝ վերջերս հայտարարված զարգացման ռազմավարությունը շեշտը դնում է թվային տնտեսության և հաղորդակցության վրա, ինչը լայնաշերտ կապի ընդլայնումը դարձնում է հավանական  առաջնահերթություններից մեկը։ Բանկը պատրաստ է աջակցել մասշտաբային նախագծերի, որոնք կարող են նաև ներգրավել մասնավոր ներդրումներ և հասանելի դարձնել տեխնոլոգիահեն լուծումներ։

Ի՞նչ պայմաններով է AIIB-ն ներդրումներ կատարում նախագծերում։

ԱԶԲԻԲ-ը (Ասիական ենթակառուցվածքների ներդրումային բանկը) ֆինանսավորում է ինչպես կառավարություններին, այնպես էլ մասնավոր հատվածի գործընկերներին՝ կախված յուրաքանչյուր ծրագրի բնույթից և կարիքներից։ Այս պահին պետական և ոչ պետական ծրագրերի հարաբերակցությունը քանակով կազմում է 56% ընդդեմ 44%։

Պետական երաշխիքով ֆինանսավորումը տրամադրվում է անդամ երկրների կառավարություններին կամ կառավարության կողմից երաշխավորված կազմակերպություններին։ Նման վարկերը ուղղված են հանրային հատվածի ենթակառուցվածքների զարգացմանը էներգետիկայի, տրանսպորտի և քաղաքային զարգացման ոլորտներում։ Պայմանները, որպես կանոն, ներառում են երկար մարման ժամկետներ, մրցունակ տոկոսադրույքներ և նախագծի կարիքներից ու երկրի համատեքստից կախված՝ ճկուն արտոնյալ ժամանակահատվածներ։ 

Առանց պետական երաշխիքի ֆինանսավորումը տրամադրվում է մասնավոր հատվածի ընկերություններին։ Նման ներդրումները իրականացվում են առևտրային հիմունքներով և կարող են ներառել վարկեր, բաժնեմասային  մասնակցություն կամ երաշխիքներ։  

Կան մտահոգություններ, որ արտաքին նոր ֆինանսավորումը կարող է ազդել պարտքի կայունության վրա։ Ի՞նչ մոտեցում ունի Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկն այս հարցում։ 

Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկն (AIIB) իր բոլոր պետական ֆինանսավորման ծրագրերում խորությամբ հաշվի է առնում պարտքի կայունության հարցը։ Յուրաքանչյուր նախագծի դեպքում մենք վերլուծում ենք դրա ազդեցությունն անդամ երկրի պետական ֆինանսների վրա՝ ապահովելու, որ ակնկալվող տնտեսական, սոցիալական օգուտները և եկամուտները արդարացնեն ներդրումը։ Նախագծերը կառուցվում են երկարաժամկետ և անհրաժեշտության պարագայում բարենպաստ պայմաններով՝ ներառելով նաև ռիսկերի նվազեցման մեխանիզմներ։ Դրա նպատակն է աջակցել այն ենթակառուցվածքներին, որոնք կարող են ստեղծել երկարատև արժեք հաղորդակցության, աշխատատեղերի ստեղծման, ծառայությունների ոլորտնեում՝ առանց ֆինանսական բեռի ավելացման ստեղծման։