«Գյանջայի խան» անունով հայտնի քրեական հեղինակություն Էլմար Վելիեւը Ադրբեջանի երկրորդ քաղաքը վերածել է «քրեական մայրաքաղաքի»: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Դունյա» («Աշխարհ») լրատվական գործակալությունը` նշելով, որ Էլմար Վալիեւը քաղաքի քրեական տարրերի միջոցով ազդեցիկ ցանց է ստեղծել քաղաքում:
Աղբյուրը հայտնում է, որ Գյանջայում վերջին օրերին քրեական հեղինակությունները իրենց վերահսկողության տակ են վերցրել խանութների ցանցը: «Առաջ նման բաներ չկար: Իսկ այժմ խանութների սեփականատերերի վրա «փող են դրել»:
Նախկին նախագահ Հեյդար Ալիեւի` իշխանության գալուց հետո քրեական աշխարհի հեղինակությունները սկսեցին հավաքվել Գյանջայում: «Այդ ժամանակ բազմաթիվ հանցագործներ հավաքվեցին քաղաքում: Երբ ասպարեզ իջավ Էլմար Վալիեւը նա կարողացավ միավորել այդ ուժերին, եւ նույնիսկ սկսեց համագործակցել ոստիկանության հետ: Այժմ նրանց գործունեությունը կասեցնելը դարձել է անհնարին, իսկ նրանց ազդեցության ոլորտները գնալով ընդլայնվում են»,-գրում է լրատվական գործակալությունը` հավելելով, որ անգամ ձերբակալված հանցագործները կարճ ժամանակ անց ազատ են արձակվում:




























