Մոսկվայի Հաղթանակի հրապարակում հունվարի 31-ին կայացած ընդդիմության հանրահավաքի ընթացքում ձերբակալված «Դրուգայա Ռոսիա» կուսակցության առաջնորդ Էդուարդ Լիմոնովը բաց է թողնվել` դատարան ներկայանալու պարտադրանքով: Այս մասին հայտնել է «Դրուգայա Ռոսիա» կուսակցության գործադիր կոմիտեի անդամ Ալեքսանդր Ավերինը:

Նա հայտնել է, որ Հաղթանակի հրապարակում մյուս ձերբակալվածները եւս բաց են թողնվել, հաղորդում է  «Ինտերֆաքսը»:

Հաղթանակի հրապարակում Լիմոնովի եւ հանրահավաքի այլ մասնակիցների առնչությամբ դատական գործ է հարուցվել հանրահավաքների եւ ցույցերի անցկացման կանոնների խախտման մեղադրանքով: Նրանց 500-ից մինչեւ  հազար ռուբլու տուգանք է սպառնում: Լիմոնովի դատական գործը տեղի կունենա փետրվարի 6-ին:

Հիշեցնենք, որ հունվարի  31-ին ձերբակալության մասին ոստիկանության մեքենայից «Ինտերֆաքսին» հեռախոսով հայտնել է հենց ինքը` Լիմոնովը

Ռուսաստանի ՆԳՆ-ի Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունում հայտնել են, որ Հաղթանակի հրապարակում չարտոնված հանրահավաքի անցկացման ժամանակ ձերբակալվել է 49 մարդ: