Եւս երկու ռուս դիվանագետներ լքել են Կանադան`Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեղադրանքով կանադացի զինծառայողի ձերբակալման ֆոնին: Այս մասին հաղորդել է կանադական CTV News հեռուստաալիքի կայքը:

Globe And Mail թերթի տվյալներով` Կանադան լքել են Օտավայում ռուսական դեսպանատան ռազմական կցորդ Սերգեյ Ժուկովը եւ Տորոնտոյի հյուպատոսարանի աշխատակից Դմիտրի Գերասիմովը:

Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հրաժարվել է իրավիճակը մեկնաբանելուց: Ռուսաստանի դեսպանատունը կրկին հայտարարել է, որ դիվանագիտական առաքելության աշխատակիցները երկիրը լքել են պայմանագրերի ժամկետները լրանալու կապակցությամբ, գրում է Lenta.ru-ն:

Հիշեցնենք, ավելի վաղ կանադական լրատվամիջոցներն արդեն հաղորդել էին Կանադայից ռուս չորս այլ դիվանագետների արտաքսման մասին` կանադական ռազմածովային ուժերի սպա Ջեֆրի Փոլ Դելայլի ձերբակալությունից հետո, որին կասկածում էին Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ: ՌԴ ԱԳՆ-ն այն ժամանակ հերքել էր տվյալ տեղեկատվությունը` հայտարարելով, որ այն չի համապատասխանում իրականությանը, քանի որ դիվանագետները երկիրը լքել են 2011թ. գործուղման ավարտի կապակցությամբ: Կանադական իշխանությունները հրաժարվել էին մեկնաբանել ռուսների արտաքսման փաստը:

Հետաքննության վարկածով` Դելայլը 2007թ.-ից տեղեկություններ է հաղորդել օտար պետությանը, ենթադրվում է` Ռուսաստանին: