Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը մեկնել է Թուրքիա, որտեղ նա կաշխատի գերիների փոխանակման գործընթացն ապաշրջափակելու ուղղությամբ, հաղորդում է УНН-ը։
«Ես հենց նոր ժամանեցի Ստամբուլ։ Այս օրերին կաշխատեմ Թուրքիայում և Մերձավոր Արևելքում՝ գերիների փոխանակման գործընթացը ապաշրջափակելու համար», - Telegram-ում ասել է Ումերովը։
Նա նշել է, որ «պայմանավորվածություն է եղել, և այն պետք է իրականացվի»։
«Ուկրաինայի նախագահի նպատակը հստակ է. ուկրաինացիները պետք է գերությունից տուն վերադառնան։ Այս օրերին հանդիպումներ կլինեն, մասնավորապես՝ Թուրքիայում։ Խնդիրը հենց դա է. գերիների փոխանակման վերսկսումը»,- ասել է Ումերովը։
Ավելի վաղ Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակում է ընթանում։ Ըստ նրա՝ հրադադարի վերաբերյալ հետագա քայլերը կարող են տեղի ունենալ Վաշինգտոնում եռակողմ և երկկողմ հանդիպումներից հետո։





























