Ֆրանսիայի նախագահ Սարկոզին կարող էր ստորագրել եւ օրենքի վերածեր ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը, սակայն նախընտրել է սպասել մինչեւ օրենքով նախատեսված վերջնաժամկետ, ինչն էլ հնարավորություն է տվել, որ օրինագծի ընդդիմախոսները ակտիվանան եւ դիմեն Սահմանադրական խորհուրդ: Այդ մասին ասվում է

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ Քաղաքական հարցերի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: Նշենք, որ Ֆրանսիայի խորհրդարանի Սենատի 76 անդամ դիմել են երկրի Սահմանադրական Խորհուրդ՝ վիճարկելով Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունները, (ներառյալ՝ Հայոց ցեղասպանության ժխտումը Ֆրանսիայում)ք րեականացնող Սենատի հունվարի 23-ին ընդունած օրինագիծը։ Նույն նպատակով Սահմանադրական խորհրդին են դիմել Ազգային Ժողովի 65 պատգամավորներ։ Սահմանադրական խորհրդի 9 անդամներից (ներառյալ՝ Հանրապետության նախկին երկու նախագահները, ի պաշտոնե) բաղկացած Սահմանադրական խորհուրդը պարտավոր է օրինագծի Սահմանադրության համապատասխանելու մասին իր տեսակետը հայտնել մեկ ամսվա ընթացքում։ Սակայն, մեկ ամիսը կարող է փոխվել 8 օրվա, եթե կառավարությունը հանդես գա նման պահանջով: «Սահմանադրական խորհուրդը կարող է ընդունել երեք հնարավոր որոշումներից մեկը.

1. Օրինագիծը համապատասխանում է Սահմանադրությանը: Այս դեպքում Հանրապետության նախագահի ստորագրությունից հետո այն կդառնա օրենք:

2. Օրինագծի ինչ-որ մասով կամ մասերով չի համապատասխանում Սահմանադրությանը:Այս դեպքում օրինագիծը կվերադարձվի Ազգային Ժողով, այն բարեփոխելու եւ Սահմանադրությանը համապատասխանեցնելու համար: Այս տարբերակը կարող է խնդիրներ առաջացնել, քանի որ մեկ ամսից Ազգային Ժողովը կմեկնի արձակուրդ, որպեսզի նախապատրաստվի նախագահական ընտրություններին:

3. Օրինագիծը ամբողջությամբ հակասահմանադրական է: Այսդեպքում օրինագիծն այլեւս չի քննարկվի եւ օրենքի ուժ չի ստանա,  եթե Հանրապետության նախագահը չպնդի, որ հարցը դարձյալ մտնի Ազգային Ժողով։

Այսօրվանից սկսած, մինչեւ մեկ ամիս,մինչեւ Սահմանադրական խորհրդի որոշում կայացնելը, նախագահ Սարկոզին չի կարող ստորագրել օրենքը»,- նշված է հայտարարության մեջ։