Հնդկաստանը և Հայաստանը շարունակում են ամրապնդել պաշտպանական համագործակցությունը։ Հնդիկ զինծառայողները Հայաստանի տարածքում անմիջապես հայ զինվորականների համար անցկացնում են Akash ՀՕՊ համակարգի շահագործման մասնագիտացված պատրաստություն, հայտնել է Indian Defence Times-ը։

Akash համակարգով աշխատելու համար հայկական անձնակազմին ուսուցանելու նպատակով հնդիկ սպաների գործուղումը վկայում է երկու երկրների զինված ուժերի միջև օպերատիվ փոխգործակցության ընդլայնման մասին։ Պատրաստությունը ներառում է համակարգի հնարավորությունների, շահագործման ընթացակարգերի, տեխնիկական սպասարկման և տակտիկական կիրառման ուսումնասիրություն։

Akash համակարգը միջին հեռահարության շարժական զենիթահրթիռային համալիր է, որը նախատեսված է տարբեր օդային սպառնալիքներից, այդ թվում՝ ինքնաթիռներից, ուղղաթիռներից, անօդաչու թռչող սարքերից և թևավոր հրթիռներից պաշտպանվելու համար։

Վերջին տարիներին պաշտպանության ոլորտում Հնդկաստանի և Հայաստանի համագործակցությունն ընդլայնվում է և ներառում է ռազմական տեխնիկայի մատակարարումներ, զինծառայողների պատրաստություն, ռազմական փոխանակումներ և մասնագիտական ուսուցում։

Հայ սպաները ավելի վաղ պատրաստություն են անցել Հնդկաստանում։ Բացի այդ, Հայաստանը որպես դիտորդ մասնակցել է հնդկական Tarang Shakti բազմազգ ավիացիոն զորավարժություններին։

Այսպիսով, երկու երկրների փոխգործակցությունը դուրս է գալիս սպառազինության գնումների շրջանակից և ներառում է ավելի լայն ռազմատեխնիկական և օպերատիվ համագործակցություն։