Ռուսական «Լանտա-տուր» տուրիստական գործակալության սնանկացման հետեւանքով առաջացած իրադրությունը որոշել է կարգավորել Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը: Կազմակերպության գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆաին ութ երկրների տուրիստական ընկերությունների ղեկավարներին նամակներ է ուղարկել` իրավիճակից բարենպաստ կերպով դուրս գալու բոլոր միջոցները ձեռնարկելու խնդրանքով: Անախորժ իրադրությունը ստեղծվել էր այն բանից հետո, երբ գործակալության սնանկացման հետեւանքով ռուս զբոսաշրջիկները մնացել էին այդ ութ երկրներում:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ հիմնվելով ավելի վաղ Զբոսաշրջության դաշնային գործակալությունից ստացած պաշտոնական դիմումի վրա, եւ մատնանշելով առանձին հյուրանոցների կողմից ռուս զբոսաշրջիկների անձնագրերը պահելու դեպքերը, մինչեւ որ «Լանտա-տուր վոյաժը» կվճարեր իր պարտատերերին, Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության ղեկավարն ուշադրություն է դարձնում նման դեպքերի բացառմանը:
Ռաֆաին իր դիմումի մեջ նշել է, որ եթե հյուրանոցներն իսկապես նման կերպ են վարվում, ապա դա ոչ մասնագիտական վարվելակերպի դրսեւորում է , քանի որ զբոսաշրջիկները չպետք է տուժեն գործակալության ֆինանսական խնդիրների պատճառով: Նա ազգային զբոսաշրջության աշխատակազմերի բոլոր ղեկավարներին կոչ է արել այս հանգամանքը հասու դարձնել այն հյուրանոցատերերին եւ տուրօպերատորներին, որոնք խախտում են ռուս զբոսաշրջիկների իրավունքները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ «Լանտա-տուրն» իր գործունեության դադարեցման մասին հայտնել էր հունվարի 28-ի երեկոյան: Հունվարի 30-ին, Ռոստուրիզմի տվյալների համաձայն, արտասահմանում են գտնվել գործակալության ավելի քան 3000 հաճախորդներ, որոնք փաստորեն գերի են մնացել հյուրանոցներում, քանի որ նրանց այնտեղ գտնվելը վճարված չի եղել: Հունվարի 31-ին Ռուսաստանի հետաքննող հանձնաժողովը ընկերության ղեկավարության դեմ գործ է հարուցել հատկապես խոշոր չափերի հասնող մեքենայության մեղադրանքով:



























