Կարելիայում պլանային ուսումնական թռիչքի ժամանակ վթարի է ենթարկվել Су-30 կործանիչը։ Ինքնաթիռը վթարի է ենթարկվել անմարդաբնակ տարածքում, հաղորդում է «Коммерсантъ»-ը՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։

«Թռիչքը կատարվել է առանց զինամթերքի։ Անձնակազմը զոհվել է»,- հայտարարել է նախարարությունը։ Միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով մոտավորապես 19:00-ին։ Су-30-ի օդաչուների խցիկը նախատեսված է անձնակազմի երկու անդամի համար։

Կարելիայի ղեկավար Արթուր Պարֆենչիկովը իր թելեգրամյան ալիքում հայտնել է, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել Պրիոնեժսկի շրջանում։ Վթարի վայր են ուղարկվել արտակարգ ծառայություններ։

Baza թելեգրամյան ալիքի տվյալներով՝ կործանիչը վթարի է ենթարկվել Լոսոսինսկոյե լճին մերձակա անտառապատ տարածքում՝ օդանավակայանից ոչ հեռու։