Վաշինգտոն կատարած այցի ընթացքում Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը կարող է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից ստանալ անվտանգության երաշխիքներ՝ նրանց օրինակով, որոնք ավելի վաղ տրամադրվել էին Կատարին։ Այս մասին տեղեկացրել է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Սեպտեմբերի վերջին Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով սահմանվում է, որ ԱՄՆ-ը Կատարի տարածքի, ինքնիշխանության եւ հիմնական ենթակառուցվածքների դեմ ցանկացած զինված հարձակում կհամարի սպառնալիք Միացյալ Նահանգների խաղաղությանը եւ անվտանգությանը։ Նման հարձակման դեպքում Վաշինգտոնը կձեռնարկի «համապատասխան միջոցներ, այդ թվում՝ դիվանագիտական, տնտեսական եւ, անհրաժեշտության դեպքում, ռազմական գործողություններ»։

Bloomberg-ի զրուցակիցների խոսքով՝ թագաժառանգը «հավանաբար ձեռք կբերի Թրամփից նման հրամանագիր», որը կամրապնդի Սաուդյան Արաբիայի անվտանգությունը։ Բանակցություններին ծանոթ աղբյուրները նաեւ հայտնել են, որ Սաուդյան Արաբիան ցանկանում է ԱՄՆ-ից պատվիրել F-35 կործանիչներ։ Թրամփը կարող է հաստատել վաճառքը, նշել է գործակալությունը։

Նոյեմբերի 18-ին Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը 2018-ից ի վեր առաջին անգամ կայցելի Վաշինգտոն։