Այսօր Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների  նախընտրական քարոզարշավի վերջին օրն է։ Ընտրությունները կկայանան կիրակի՝ նոյեմբերի 16–ին, իսկ վաղը լռության օր է, քարոզչությունն այդ օրն արգելվում է։ Ընտրություններին 8 քաղաքական ուժ է մասնակցում, որոնցից երկուսը՝ իշխանական՝ ՔՊ–ն եւ իշխանամետ «Հանրապետություն» կուսակցությունը։

Ընտրություններին մասնակցում են նաեւ «Առաջ» և ՀՅԴ կուսակցություններից կազմված «Հաղթանակ» դաշինքը, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը,  Խաչատուր Քոքոբելյանի «Ազատ դեմոկրատները», Անդրանիկ Թեւանյանի «Մայր Հայաստանը», Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգությունը», Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի «Համահայկական ճակաը» կուսակցությունը:

Ենթադրվում է, որ հիմնական պայքարն ընթանալու է «Հաղթանակ» դաշինքի թեկնածու Սեւակ Խաչատրյանի եւ ՔՊ–ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի միջեւ։

Իշխանությունները լուրջ ռեսուրսներ են ներդրել Վաղարշապատի ընտրություններում հաղթանակ ապահովելու համար։ Սա հաջորդ տարվա համապետական ընտրություններից առաջ վերջին քննությունն է։ ՔՊ–ն ամեն գնով փորձում է թույլ չտալ Գյումրու սցենարի կրկնությունը։

Ընտրությունների անհրաժեշտություն Վաղարշապատում առաջացավ այն բանից հետո, երբ համայնքի ՔՊ–ական ղեկավարը՝ Դիանա Գասպարյանը, հրաժարական տվեց՝ պատճառաբանելով, թե 7 տարվա պաշտոնավարումից հետո ցանկանում է իրեն նվիրել ընտանեկան հանգիստ կյանքին։ Սակայն ամիսներ անց հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման և պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով: Քրեական գործերով անցնում են նաեւ նրա ընտանիքի տարբեր անդամներ։

Դիանա Գասպարյանի հրաժարականից մեկ ամիս անց կառավարությունը որոշեց միավորել նախկինում արդեն խոշորացված Խոյ եւ Վաղարշապատ համայնքները։ Ընդդիմությունը սա դիտարկեց որպես քաղաքական քայլ։ Իշխանությունն այս քայլով հնարավորություն ստեղծեց Վաղարշապատի ընտրություններում Արգիշտի Մեխակյանի թեկնածությունն առաջադրելու եւ  Խոյ համայնքի նախկին ղեկավարի հեղինակությունն օգտագործելով՝ Վաղարշապատի ընտրություններում հաղթելու համար։

Դիանա Գասպարյանի հրաժարականից հետո դիմումներ ներկայացրին նաեւ համայնքապետի երկու տեղակալները, ինչից հետո համայնքը մնաց առանց ղեկավար կազմի: Մեխակյանին ազատելով Արմավիրի մարզպետի պաշտոնից, Նիկոլ Փաշինյանը  հուլիսի 15-ին նրան նշանակեց Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Սա, ըստ էության, իշխող կուսակցության ծրագիրն էր, որը հնարավորություն տվեց, որ այս ընթացքում Մեխակյանը, աշխատելով որպես Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, իր դիրքն ու հնարավորություններն օգտագործի իր վարկանիշը բարձրացնելու համար։

Ընտրություններում ՔՊ–ի թեկնածուն՝ Արգիշտի Մեխակյանը, քարոզարշավի պաշտոնական մեկնարկի նախորդ օրը Արմավիրի մարզի Դողս գյուղում բարեգործական միջոցառման էր մասնակցում, որտեղ թանկարժեք նվերներ էին  բաժանվում գյուղի բնակիչներին։ Այս ընթացքում համայնքապետարանի միջոցներով կատարված ցանկացած գործ՝ ասֆալտապատում, տանիքների վերանորոգում, միջոցառումներ, համայնքի ընտրողներին ներկայացվել է որպես ժամանակավոր պաշտոնակատար Մեխակյանի ձեռքբերում։

Նախընտրական քարոզարշավն անցել է բավական լարված մթնոլորտում։ Ընդդիմադիրներն ու դիտորդական խմբերն այս ընթացքում բազմիցս ահազանգել են իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի օգտագործման մասին։

Երեկ եւ այսօր ընտություններին մասնակցող 8 քաղաքական ուժերն իրենց ամփոփիչ հավաքներն են անցկացրել։

«Հաղթանակ» դաշինքի անդամները նախօրեին իրենց եզրափակիչ հավաքն աղոթքով ավարտեցին Մայր Աթոռի բակում։  «Քաղաքացիական պայմանագրի» եզրափակիչ հանրահավաքի համար այսօր Էջմիածնի կենտրոնում մեծ բեմ են հավաքել։ NEWS.am–ի տեսախցիկը ֆիսել է, որ բեմը մաքրում են համայնքապետարանի հանդերձանքով աշխատակիցները, ինչը նույնպես վարչական ռեսուրս կիրառելու օրինակ է։

Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում քվեարկելու իրավունք ունի 70 հազար 22 մարդ։ Ընդհանուր առմամբ, համայնքի տարբեր բնակավայրերում ընտրությունների օրը կգործի 47 ընտրատեղամաս։ Քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում ընդգրկված է 355 անձ: Նրանք պայքարելու են ավագանու 27 մանդատների համար։ Կուսակցությունների համար անցողիկ շեմը 4 տոկոսն է, դաշինքների համար՝ 6 տոկոսը։