Սեպտեմբերյան մի ուշ գիշեր Բալթիկ ծովի մակերեսին խուլ պայթյուններ որոտացին, պղպջակների ալիք առաջացավ։ Պայթեցվեցին «Հյուսիսային հոսք» երկու խողովակաշարերը (Ռուսաստանի գլխավոր գազատարը դեպի Եվրոպա), Մոսկվայի կողմից Ուկրաինա ներխուժումից մի քանի ամիս անց։ Տարիներ անց այդ գիշերվա իրադարձությունների մասին լուրերը դեռեւս շրջանառվում են ամբողջ մայրցամաքում, գրել է CNN-ը։

2022թ․ խողովակաշարերի դեմ տեղի ունեցած վիճահարույց հարձակումը միջազգային հետախուզման պատճառ դարձավ, կասկածներն անմիջապես ընկան Ռուսաստանի վրա, եւ նույնիսկ Միացյալ Նահանգները ստիպված եղավ հերքել իր մասնակցությունը։

Այսօր պայթյունների շուրջ ինտրիգը շարունակում է հյուսվել, նույնիսկ այն ժամանակ, երբ Գերմանիան պատրաստվում է քրեական հետապնդում իրականացնել կասկածյալ ուկրաինացի դիվերսանտների դեմ։ Լեհաստանի փորձերը՝ խոչընդոտելու գործի քննությունը՝ ակնհայտորեն իր դաշնակից Ուկրաինային պաշտպանելու համար, հանգեցրել են լարվածության խորացման Եվրոպայում։ Գերմանիան, կարծես, վճռականորեն է տրամադրված, որ «Հյուսիսային հոսքը» դատարանում հասնի իր նպատակին՝ ձերբակալման օրդերներ տալ երկու ուկրաինացիների՝ Լեհաստանում ձերբակալված Վլադիմիր Ժուրավլյովի եւ Իտալիայում ձերբակալված Սերգեյ Կուզնեցովի համար, որոնք կասկածվում են պայթյունին մասնակցելու մեջ։

Այլ երկրների առաջնորդները կասկածի տակ են դնում նրանց դեմ քրեական գործ հարուցելու նպատակահարմարությունը, ովքեր ենթադրաբար պատասխանատվություն են կրում դրա համար։

Հոկտեմբերի կեսերին լեհական դատարանի կողմից Ժուրավլյովին արտահանձնումը հետաձգելուց հետո ազատ արձակելու որոշումը լրջորեն խաթարեց Բեռլինի հույսերը: Դատավորի խոսքով, եթե «Հյուսիսային հոսքի» պայթյունները ուկրաինական դիվերսիայի ակտ լինեին, դա կլիներ արդարացված պատասխան չհրահրված ներխուժմանը:

49-ամյա ուկրաինացին պնդում է, որ որեւէ կապ չունի հարձակման հետ եւ որ ինքն Ուկրաինայում է եղել, երբ դա տեղի է ունեցել, հաղորդել է TVN24-ը:

Գերմանացի դատախազները պնդում են, որ «լավ ջրասուզորդ» Ժուրավլյովը այն անձանց խմբի անդամ էր, ովքեր 2022թ․ սեպտեմբերին Բորնհոլմ կղզու մոտ «Հյուսիսային հոսք-1 եւ 2» գազատարների վրա պայթուցիկներ էին տեղադրել:

Խումբը, ենթադրաբար, կեղծ փաստաթղթեր է օգտագործել զբոսանավ վարձակալելու եւ պայթյունի վայր տեղափոխվելու, ինչպես նաեւ սարքավորումները տեղափոխելու համար: 49-ամյա ուկրաինացի նախկին զինվորական եւ գործողության ենթադրյալ համակարգող Սերգեյ Կուզնեցովը օգոստոսի վերջին ձերբակալվել է Իտալիայում՝ Գերմանիայի կողմից տրված օրդերով:

Կուզնեցովի փաստաբան Նիկոլա Կանեստրինին CNN-ին ասել է, որ ուկրաինացին հերքում է ցանկացած խախտում եւ ներկայում բողոքարկում է Իտալիայի Գերագույն դատարանի որոշումը՝ նրան Գերմանիային արտահանձնելու վերաբերյալ։

«Եվրոպայի, Ուկրաինայի, Լիտվայի եւ Լեհաստանի խնդիրը ոչ թե «Հյուսիսային հոսք 2»-ի պայթեցումն է, այլ այն, որ գազատարը կառուցվել է,- հոկտեմբերի սկզբին լրագրողներին ասել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։- Անկասկած, Լեհաստանի, ինչպես նաեւ  պարկեշտության եւ արդարության շահերից չի բխում այս քաղաքացուն հետապնդելը կամ մեկ այլ պետությանն արտահանձնելը»։