Կրոնների իրավունքների պաշտպանության կազմակերպության՝ Chrictian Solidarity International-ի (CSI) աշխատակից Ջոել Վելդկամպն այսօր՝ նոյեմբերի 15-ին Երեւանում, մամուլի ասուլիսում կոշտ քննադատության է ենթարկել Հայաստանի իշխանություններին։
Վելդկամպի խոսքով՝ միջազգային իրավապաշտպան կազմակերպության այցը Հայաստան հետապնդում է երկու նպատակ՝ մասնակցություն «Աղոթք-նախաճաշին» եւ այցելություն բանտարկված հոգեւորականներին եւ Հայ Առաքելական եկեղեցու կողմնակիցներին։
«Երկրորդ՝ մենք եկել ենք, որպեսզի այցելենք Հայ Առաքելական եկեղեցու հոգեւորականներին, աշխատակիցներին, բարեգործներին եւ Հայ Առաքելական եկեղեցու այլ կողմնակիցներին, որոնք ներկայում կալանքի տակ են Հայաստանի կառավարության կողմից։ Ես Երեւան եմ եկել հինգշաբթի, նոյեմբերի 13-ին։ Նույն օրը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է չորս պոդկաստերի՝ խուլիգանության մեղադրանքով։
Երեկ՝ նոյեմբերի 14-ին, նրանցից երկուսը դատապարտվել են երկու ամիս նախնական կալանքի։ Նրանք են Վազգեն Սաղաթելյանը եւ Նարեկ Սամսոնյանը։ Փաստը, որ Հայաստանի իշխանություններն իրենց իրավունք են վերապահում կատարել բռնաճնշման այսքան աղաղակող ակտ, չնայած այն բանին, որ քրիստոնյաների մեծ պատվիրակությունն ամբողջ աշխարհից հավաքվում է աղոթքի նախաճաշի, մեզ անհանգստացնում է։ Որպես իրավապաշտպան կազմակերպություն CSI-ն չի կարող լռել մարդու իրավունքների խախտումների մասին, որոնք տեղի են ունենում այն նույն քաղաքում, որտեղ մեզ հրավիրել են որպես «Աղոթք-նախաճաշի» հյուր, որն անցկացվում է Հայաստանի վարչապետի օրհնությամբ»,- ասել է իրավապաշտպանը։
Վելդկամպի խոսքով՝ նոյեմբերի 10-ին նրանք պաշտոնական հարցապնդում են ներկայացրել արդարադատության նախարարություն՝ որոշ բանտարկված հոգևորականների և եկեղեցու կողմնակիցների այցելելու համար։
Մասնավորապես, նրանք թույլտվություն են խնդրել այցելելու արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանին, արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանին, եպիսկոպոս Մկրտիչ Պռոշյանին և հայր Գարեգին Արսենյանին։
«Մենք առանձին հարցապնդումներ ենք ներկայացրել՝ այցելելու Սամվել Կարապետյանին և 22 այլ ոչ հոգեւորականների, որոնք կարող են համարվել քաղբանտարկյալներ: Մեր նպատակն էր փաստաթղթավորել նրանց կալանքի պայմանները, ծանոթանալ նրանց ֆիզիկական և հոգեկան վիճակին և հասկանալ նրանց առաջադրված մեղադրանքները։
Տառացիորեն երեկ կեսօրին մենք պատասխան ստացանք արդարադատության նախարարությունից: Մեզ թույլ չտվեցին հանդիպել բանտարկյալների հետ: Պատասխանը ստացվել է արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Մարիամ Սարգսյանից՝ նամակի տեսքով: «Չնայած նամակը թվագրված էր նոյեմբերի 13-ով, այն մեզ ուղարկվել է միայն երեկ՝ նոյեմբերի 14-ին, ուրբաթ, ժամը 16:00-ին»,- ասել է միջազգային կազմակերպության ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ նամակում նշված է, որ խնդրանքը գտնվում է արդարադատության նախարարության իրավասությունից դուրս։
«Մենք կապ հաստատեցինք փաստաբանների հետ, և նրանք մեզ տեղեկացրին, որ այդպես չէ: Սակայն արդարադատության նախարարությունը մեզ մասնակի տեղեկատվություն է տրամադրել այն պարամետրերի մասին, որոնք կարող են ազդել բանտարկյալներին ապագայում այցելելու վրա: Եվ մենք կրկին մտադիր ենք դիմել այս բանտարկյալներին այցելելու թույլտվության համար»,- ասել է Ջոել Վելդկամպը։





























