Լիբանանը Իսրայելի դեմ բողոք կներկայացնի ՄԱԿ Անվտանգության խորհրդին՝ Լիբանանի հարավային սահմանի երկայնքով «Կապույտ գծից» այն կողմ ձգվող բետոնե պատ կառուցելու համար, շաբաթ օրը հայտարարել է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը, տեղեկացրել է Reuters-ը։
«Կապույտ գիծը» քարտեզին արված գիծ չէ, որը Լիբանանը բաժանում է Իսրայելից եւ Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքներից։ Իսրայելական զորքերը նահանջել են «Կապույտ գիծ», երբ 2000թ․ դուրս են եկել հարավային Լիբանանից։ ՄԱԿ գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը ուրբաթ հայտարարել է, որ պատը Լիբանանի տարածքի ավելի քան 4 000 քառակուսի մետրը անհասանելի է դարձրել տեղի բնակչության համար։
Լիբանանի նախագահը կրկնել է այս միտքը՝ հայտարարության մեջ նշելով, որ Իսրայելի շարունակական շինարարությունը ՄԱԿ Անվտանգության խորհրդի 1 701 բանաձեւի խախտում է եւ հարձակում Լիբանանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության վրա։
Դյուժարիկը նշել է, որ Լիբանանում ՄԱԿ ժամանակավոր ուժերը պահանջել են քանդել պատը։ Ուրբաթ Իսրայելի զինվորականների ներկայացուցիչը հերքել է այն տեղեկությունները, որ պատը հատել է «Կապույտ գիծը»։
«Պատը Իսրայելի պաշտպանության բանակի՝ ՑԱԽԱԼ-ի ավելի լայն ծրագրի մի մասն է, որի կառուցումը սկսվել է 2022թ․,- ասել է մամուի քարտուղարը՝ նկատի ունենալով Իսրայելի պաշտպանության ուժերին։- Պատերազմի սկզբից ի վեր եւ դրանից քաղված դասերի շրջանակում Իսրայելի պաշտպանության բանակը մի շարք միջոցառումներ է ձեռնարկել, այդ թվում՝ հյուսիսային սահմանի երկայնքով ֆիզիկական պատնեշի ամրապնդումը»։
1978թ․ ստեղծված Լիբանանում ՄԱԿ ժամանակավոր ուժերը գործում են հյուսիսում Լիտանի գետի եւ հարավում «Կապույտ գծի» միջեւ։ Առաքելության տվյալների համաձայն՝ դրա կազմում ներառված են 50 երկրներից ավելի քան 10 հազար զինծառայող եւ մոտ 800 քաղաքացիական աշխատակից։





























