Եվրոպան գտնվում  է պատերազմի եզրին, եւ հունգարացիները պետք է բարձրացնեն իրենց ձայնը, որովհետեւ եվրոպացի առաջնորդները անխուսափելիորեն կներքաշվեն պատերազմի մեջ, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, տեղեկացրել է Telex-ը։

Նրա խոսքով՝ ամենակարեւոր հարցն այն է, թե կկարողանան արդյոք հունգարացիները չմիջամտել պատերազմին։

Ինչպես հայտարարել է Օրբանը, հունգարացիները չեն ցանկացել միջամտել ոչ Առաջին, ոչ Երկրորդ համաշխարհային պատերազմներին, «բայց մյուսները մեզ դրդել են դրան»։ Նա կարծում է, որ 2010-ից կատարված աշխատանքը հունգարացիներին պատերազմին չմիջամտելու շանս է տալիս։

Հունգարիայի վարչապետի խոսքով, ինչ վերաբերում է Ուկրաինայում պատերազմին, հակամարտող կողմերը խաղաղություն չեն ցանկանում, դրա համար էլ արտաքին ուժերը պետք է համոզեն ռուսաստանցիներին եւ ուկրաինացիներին խաղաղություն կնքել։

Նա նշել է, որ Եվրամիությունն Ուկրաինային մոտիվացնելու միջոցներ ունի այս ուղղությամբ, քանի որ, նրա խոսքով, Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԵՄ աջակցության։

Օրբանի կարծիքով՝ խնդիրը, սակայն, այն է, որ առաջատար արեւմտյան երկրները չեն կարողանում միջոցներ գտնել ռուսաստանցիներին (որոնք ցանկանում են օկուպացնել ողջ Ուկրաինան) համոզելու համար, որ խաղաղություն կնքեն։

«Ժամանակը ռուսաստանցիների օգտին է աշխատում»,- ասել է նա՝ ավելացնելով, որ լավ կլիներ խաղաղություն կնքել, քանի դեռ ռուսները չեն օկուպացրել ողջ Ուկրաինան։