Այսօր` փետրվարի 1-ին, վաղ առավոտյան դադարեցվել է Արաբկիր վարչական շրջանի` ամբողջությամբ եւ Շենգավիթ վարչական շրջանի զգալի մասի ջրամատակարարումը:
«Երեւան Ջուր» ընկերությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատճառը, ըստ ընկերության Խմելու ջրի արտադրության եւ տեղափոխման վարչության պետ Կարեն Զաքարյանի` 900մմ տրամագծով «Արզնի 2-Երեւան» մայրուղային ջրատարի վթարն է Արզնի գյուղի հարակից տարածքում, որով վայրկյանում մոտ 800 լիտր ջուր է մատակարարվում Երեւանին:
Ներկայումս «Երեւան Ջուր» ՓԲԸ մասնագետները վթարի վայրում իրականացնում են վերականգնողական աշխատանքներ, որոնք, չնայած բարդ տեղանքին եւ անբարենպաստ եղանակային պայմաններին, նախատեսվում է ավարտել արդեն երեկոյան, որից հետո ջրատարի շահագործումը կվերսկսվի: Սակայն եւս մոտ 7 ժամ կպահանջվի ջուրը սպառողին հասցնելու համար: Իսկ ջրամատակարարման գործող ժամանակացույցը նշված տարածքներում լիովին կվերականգնվի վաղն առավոտյան:




























