ՀԱԿ-ի ցուցակը գլխավորող լիդերը` ինքը պետք է որոշի ՀԱԿ-ի ցուցակի 1-ից գոնե մինչեւ 10 համարի հերթականությունը: Իր լավ որոշման դրական արդյունքներն էլ են իրենը, վատի պատասխանատուն էլ է ինքը լինելու: Այդպիսին է լիդերի գործը, այդպիսին է լիդերի անելիքի բարդությունը, իսկ լիդերն ինչ-որ պարագայում ստիպված է լինում սուբյեկտիվ մոտեցում ցուցաբերել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը: Նրա հետ հարցազրույցը ներկայացնում ենք ստորեւ:
Պարոն Սարգսյան, ՀԺԿ ներկայացուցիչներն ասել են, որ ՀԱԿ ցուցակը գլխավորելու է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, իսկ 2-րդ տեղում լինելու Ստեփան Դեմիրճյանը:Նման հարց ՀԱԿ-ում քննարկվե՞լ է:
Ես շատ բնական եմ համարում, որ 1-ին տեղում պետք է լինի Լեւոն Տեր-Պետրոսյանը, իսկ 2-րդ տեղում Ստեփան Դեմիրճյանը: Ես ինքս ներկա չեմ լինում քաղխորհրդի նիստերին, շտաբի նիստերին եմ մասնակցում: Քաղխորհրդի նիստերին մասնակցում է մեր կուսակցության քաղխորհրդի անդամ Ռաֆիկ Մկրտչյանը: Այդ օրը մենք հարգելի պատճառով բացակայել ենք: Եթե քննարկվել է, շատ լավ է, եթե չի քննարկվել, էլի շատ լավ է այդ մոտեցումը:
Դուք նշեցիք, որ հարգելի պատճառով բացակայել եք, եթե կարելի է, ասեք, թե ո՞րն է եղել բացակայության պատճառը:
Երկուշաբթի օրը մենք Կոնգրեսից մինչեւ հինգշաբթի ժամանակ ենք խնդրել, որ ներկայացնենք համամասնական եւ մեծամասնական ցուցակները կազմելու շուրջ կուսակցության մոտեցումները: «Հանրապետություն» կուսակցությունը ընդլայնված կազմով ժողով գումարեց, որին, հրավիրված էին մարզերի մեր բոլոր սկզբնական կազմակերպությունների ղեկավարները, նույնիսկ ակտիվ համակիրները, եւ նրանց հետ միասին մոտեցում ենք փորձել ձեւավորել ընտրություններին մասնակցության վերաբերյալ: Մեր մոտեցումները կներկայացնենք Կոնգրեսի շտաբում, հետո քաղաքական խորհրդում եւ այդ մոտեցումներով ընդհանուր հայտարարի կգանք ցուցակ կազմելուց առաջ:
Հասկանալի է, որ չեք ցանկանա դեռեւս ամբողջությամբ չակերտները բացել, բայց եթե կարելի է, որոշակիորեն ներկայացրեք ձեր մոտեցումը: Ի՞նչ ձեւաչափով եք ցանկանում մասնակցել ընտրություններին:
Այդ մոտեցումները «Հանրապետություն» կուսակցության մոտեցումներն են. դրանք կարող են ընդունվել, կարող են չընդունվել: Մեր կուսակցությունն ունի բազմաթիվ անձինք, որոնք կարող են իրենց թեկնածությունը մեծամասնականով առաջադրել: Թվարկել եմ 12 մարդու անուն: Սկսել եմ Գյումրիից` Աշոտ Զաքարյանից, Արթիկում` Մուշեղ կամ Սեւակ Սաղաթելյաններ, Թալինում` Սափեյան 4 եղբայրներից որեւէ մեկը, թող իրենք որոշեն, Երեւանում կարող են առաջադրվել Սմբատ Այվազյանը, Սուրեն Աբրահամյանը, Արտակ Զեյնալյանը, Աշտարակում`Ռաֆիկ Մկրտչյանը, Եղվարդում` Խաչիկ Սիմոնյանը, Սիսիանում` Հովիկ Արսենյանը, Արարատում` Ռազմիկ Թեւանյանը, ով անկուսակցական է, բայց մեր կուսակցության համակիրն է եւ ընկերը: Այսպես` էլի կարող եմ թվարկել: Ես կարծում եմ, որ համապատասխան նյութական միջոցների առկայության պարագայում, ինչպես նաեւ Կոնգրեսում մեր գործընկերների հետ համադրությունից հետո, որ մի տեղում 2-3 թեկնածուներ չլինեն, այս մարդիկ պատրաստ են առաջադրվելու:
Ինչ վերաբերում է իմ անձին, ես ինձ պատգամավոր չեմ տեսնում, իմ անցած ուղին էլ դրա վառ ապացույցը: 2003թ-ին ես ընտրվեցի ու չգնացի ԱԺ որեւիցե նիստի: Դա չեմ ասում նրա համար, որ ես ամենասկզբունքայինն եմ եւ վատ էին նրանք, ովքեր գնացին: Բացարձակապես: Խնդիրը նրանում է, որ երկրի համար մեկ շահն արդար ընտրություններն են ու, երբ մեկը, քվե գողանալով, ձայն առնելով, գալիս նստում է այնտեղ ու քո հետ հավասար քվեարկում, ինձ համար դա զզվելի ու անտանելի է: Ավելին` ինձ համար խորհրդարանական գործունեությունը հոգեհարազատ ոլորտ չի: Ես ավելի շատ արդյունաբերության եւ գործադիր իշխանության մարդ եմ: Միաժամանակ մեծամտություն թող չհամարվի, բայց պատրաստ եմ Կոնգրեսի ամենավերջին համարում լինել եւ, այդ վերջինը լինելով, կպայքարեմ այնպես, որ ես էլ անցնեմ: Թեկուզ այդ վերջինը լինի 137 կամ 187 համարը: Կպայքարեմ նաեւ, որ իմ կուսակից ընկերներն այդ ցուցակում ներգրավված լինեն: Այսինքն` կուսակցության շահերը համապատասխան կարգով կպաշտպանեմ, ինչպես մյուս կուսակցության պետերը: Բայց մեր կուսակցության համար գերխնդիր է ոչ թե պատգամավոր դառնալը, այլ իրավիճակ փոխելը: Դրա համար մեր կուսակցության ցանկացած անդամ իր հարցազրույցներում խոսում է արտահերթից, խոսում է հեղափոխությունից, խոսում է այս փակ շրջանը կտրելուց:
Ամեն դեպքում ՀԱԿ-ի ցուցակի 3-րդ տեղում ո՞ւմ եք տեսնում: Շրջանառվում են Ձեր եւ Լեւոն Զուրաբյանի անունները:
Արդեն ասացի, որ ցանկություն չունեմ պատգամավոր դառնալու եւ շատ եմ ցանկանում, որ իմ այս քայլը չդիտվի որպես մեծամտության դրսեւորում: Պարզապես ես պատգամավոր չեմ ուզում դառնալ եւ տեղ գտնել ցուցակի որեւէ համարում:
Բայց չեք ցանկանա՞, որ 3-րդ տեղում Ձեր կուսակիցներից մեկը լինի:
Բացարձակապես, նման խնդիր չեմ դնում: Մեր կուսակցությունն էլ նման խնդիր չի դնում: Եթե նայեք մեր կուսակցության կենսագրությունը, մեր ամբիցիաները եղել է գործի վերաբերյալ, մենք ասել ենք` այստեղ կանգնելու փոխարեն գնանք Բաղրամյան: Այդտեղ ամբիցիա ենք դրել: Ես ինքս էլ, քանի որ չեմ ցանկանում պատգամավոր դառնալ, իսկ 3-րդ համարը զբաղեցնելուց հետո ես պետք է իմ թեկնածությունը հանեմ, գեղեցիկ չի ստացվի: Նախ, հասարակությանը ներկայանում ես, նրանից քվե ես ուզում եւ հետո հանում, որ հաջորդը գա: Դրա համար, որպեսզի սա էլ արանքից դուրս գա, այս տրամաբանությամբ ցանկանում եմ լինել վերջինը: Իսկ թե ո՞վ կլինի ցուցակի 3-րդ համարում, նորից եմ ասում ցուցակի 1-ին համարը ինքը պետք է որոշի ցուցակի 1-ից գոնե մինչեւ 10 համարի հերթականությունը: Եւ իր որոշման` լավ որոշման դրական արդյունքներն էլ են իրենը, վատի պատասխանատուն էլ է ինքը լինելու: Այդպիսին է լիդերի գործը, էդպիսին է լիդերի անելիքի բարդությունը: Իսկ լիդերը ինչ- որ պարագայում ստիպված է լինում սուբյեկտիվ մոտեցում ցուցաբերել: Նույնիսկ նախորդ ընտրություններում նման խնդիր ինձ հետ էլ առաջացավ եւ վերջնական արդյունքում ես նստեցի եւ որոշեցի: Կային մարդիկ, որ ինչ-որ չափով նեղացան ու այլն եւ այլն:
Տեսեք ՀՀԿ-ն միայնակ է գնում, բայց նեղացողներ լինելու են վերջիվերջո: Թեեւ այնտեղ խնդիրը մի փոքր ուրիշ է: ՀՀԿ-ում պատգամավորության թեկնածու մարդիկ ապահովված են իրենց կյանքով եւ իրենք ունեն բիզնես, աշխատանք, հնարավորություններ, որով իրենց ապահովել է իրենց կուսակցությունը եւ լիդերը: Պատգամավոր դառնալ կամ չդառնալը իրենց կյանքը չի փոխի: Կարող են պատգամավոր չլինել, ու էլի լիդերն իրենց հնարավորություն տա: Խոսքը բոլոր կոալիցիոն ուժերի մասին է:
Իսկ ընդդիմության պարագայում խնդիրն այլ է: Նախ` գաղափարական առումով շատ լայն շերտ է ներգրավել իր մեջ, որը պայքարում է: Նաեւ Կոնգրեսի միասնականությունը հաշվի առնելով` կոնգրեսի լիդերը առաջարկում է ներկայացնել մաս կազմող կուսակցությունների տեսակետները, որ ձեւավորի ցուցակը: Այդ մենք ենք ասում, որ Լեւոն Տեր Պետրոսյանն է Կոնգրեսի 1-ին համարը, եւ դա միանշանակ է ու անվերապահ վստահում ենք այդ մարդուն:
Իսկ ՀՀԿ- ԲՀԿ լարվածությանը հավատո՞ւմ եք:
Գիտեք ինչ, ինձ համար այդ հակասությունները, որպես ընդդիմություն ձեռնտու է: Ինչքան շատ ունենան հակասություններ, այնքան ընդդիմության համար լավ է: Այդ հակասությունների արդյունքում երկուսից որեւէ մեկը պետք է ապացուցի, որ ինքը ընդդիմություն է: Այստեղ ՀՀԿ-ն ինչքան էլ ցանկանա ապացուցել, որ ինքը ընդդիմություն է եղել, բողոքի ստեղծված վիճակից, Ռոբերտ Քոչարյանից, ինչը փորձել է անել, արժանահավատ չէ, քանի որ այդ ժամանակ իրենք պիցցա չէին բաժանում, բարձր պաշտոնների էին զբաղեցնում: Մնում է ԲՀԿ-ն ապացուցի, որ ընդդիմադիր է: Օրինակ, մեր կուսակցության որեւէ անդամ չունի աշխատանք, բայց ցանկացած քաղաքական գործընթացներից հետո ընկնելով իշխանական ու ոստիկանական մամլիչի տակ` մնացել է այս կուսակցությունում: Չգիտեմ, այդ իշխանական կուսակցություններից պաշտոնն ու փողը, որ հանեն, տակը ինչ կմնա: Իսկ, եթե իմաստը այդ փողի մեջ է, թող դնեն կշռեն, ով շատ ունի, նա էլ թող դառնա 1-ին: Ուրիշ կշռելու բան այդ կուսակցությունների մեջ ես չեմ տեսնում:
Սերժ Սարգսյանի մակարդակով իշխանությունները հավատացնում են, որ այս ընտրություններն աննախադեպ են լինելու եւ ամեն ինչ արվելու է, որ արդյունքները չվիճարկվեն, թե հասարակության, թե միջազգային հանրության կողմից:
Գիտեք ինչ, ես չեմ հասկանում, երբ երկրի նախագահը ասում է` ամեն ինչ անելու եմ: Նման բան կարող եմ ասել ես, որ ընդդիմություն եմ, որ չունեմ գործադիր լծակներ, չունեմ ազդեցություն քաղաքական կյանքի վրա, բացի իմ ելույթներից ու հարցազրույցներից: Ի՞նչ է նշանակում` ամեն ինչ անելու եմ: Ու դա ասում է երկրի նախագահը: Ո՞վ էր քեզ խանգարում անել, մինչեւ հիմա ո՞վ էր քեզ խանգարում: Այս մոտեցումը անընդունելի է ու այն մարդիկ, ովքեր այդ ելույթները պատրաստում են, պետք է շատ ուշադիր լինեն, քանի որ բառերը նշանակություն ունեն: Սերժ Սարգսյանը եղել է նաեւ Ազգային անվտանգության, ներքին գործերի նախարար եւ շատ լավ գիտի, որ շատ հանցագործություններ ու հանցագործներ նույնիսկ դատվելուց, դուրս գալուց հետո շարունակում են իրենց նույն որակի հանցագործ գործունեությունը: Իսկ այստեղ մարդիկ ոչ միայն չեն պատժվել, այլեւ խրախուսվել են: Ու հենց իր կողմից պաշտոնների է նշանակվել այդ խախտումների համար: Արդար ընտրությունների պարագայում ՀՀԿ-ի հնարավորությունը շատ փոքր է: Բացի այդ մի կուսակցություն, որը 10 տարուց ավել արդեն իշխանություն է եւ ուզում է եւս 10 տարի մնալ, հոգնեցնում է: Հասկանում եք: Այդ կուսակցությունից Սովետական կոմկուսի հոտ է գալիս: Դա շատ տխուր է, բայց այդպես է: Չի կարելի, որ կուսակցությունն անփոխարինելի մնա` հո դինոզա՞վր չեն:
Զրուցեց Տաթեւ Մեսրոպյանը




























