Վաղարշապատ համայնքի ՏԻՄ ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքներն ավարտվել են։   6 տեղամասերի վերահաշվարկից հետո կուսակցություններին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվի որևէ փոփոխություն չի գրանցվել։ Այս մասին հայտնում են ԿԸՀ–ից։

Վերահաշվարկի աշխատանքների արդյունքում անվավեր քվեաթերթիկների թվի չնչին փոփոխություն է միայն եղել։

Հիշեցնենք, որ «Հանրապետություն» կուսակցության վստահված անձինք պահանջել էին վերահաշվարկել 14/15, 14/16, 14/22 ՏԸՀ-ների քվեարկության արդյունքները: Թիվ 14 ԸԸՀ-ն վիճակահանություն էր իրականացրել Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի համաձայն, և վերահաշվարկվել էր նաև 14/1, 14/8, 14/22 ՏԸՀ-ների քվեարկության արդյունքները։

Նշենք, որ «Հանրապետություն» կուսակցությանը շուրջ 30 ձայն էր պակասում, որպեսզի հաղթահարի անցողիկ շեմը։

Հիշեցնենք, որ նախօրեին Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի ունեցած ավագանու ընտրություններից մասնակցել է 8 ուժ, որոնցից ըստ ԿԸՀ–ի նախնական տվյալների, նվազագույն շեմը հաղթահարել են երեքը՝ ՔՊ–ն, «Հաղթանակ» դաշինքը և «Մայր Հայաստան» կուսակցությունը։

Ըստ նախնական տվյալների՝ ավագանու 33 տեղերը բաշխվում են հետեւևյալ կերպ.

ՔՊ – 19 մանդատ,

«Հաղթանակ» դաշինք – 12 մանդատ,

«Մայր Հայաստան» – 2 մանդատ։

Սա նշանակում է, որ ՔՊ–ն միանձնյա կարող է համայնքապետ նշանակել, առանց որևէ ուժի հետ կոալիցիա կազմելու։