ԱՄՆ պաշտոնյաները Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հասկեցրել են, որ Կիևը պետք է ընդունի Վաշինգտոնի մշակած Ռուսաստանի հետ պատերազմն ավարտելու ծրագիրը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ նրանց՝ հակամարտության ավարտի շրջանակային համաձայնագիրը պահանջում է, որ Ուկրաինան հրաժարվի որոշ տարածքներից և որոշակի զինատեսակներից։ Ըստ գործակալության աղբյուրների՝ ԱՄՆ առաջարկները, ի թիվս այլ բաների, ներառում են նաև Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի կրճատում։ Դրանք այն պահանջներն են, որոնք Ռուսաստանի իշխանությունները բազմիցս նշել են որպես պատերազմն ավարտելու պայմաններ։
Վաշինգտոնը ցանկանում է, որ Կիևն ընդունի մշակված ծրագրի հիմնական կետերը, հայտնել են աղբյուրները։
Financial Times-ի լրագրող Քրիստոֆեր Միլլերը նույնպես պատմել է նոր խաղաղության ծրագրի էության մասին, որն, ըստ նրա, «առաջ է մղվում Կիրիլ Դմիտրիևի և Սթիվ Ուիթքոֆի՝ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հատուկ բանագնացների միջոցով։ Այդ ծրագիրը ներառում է հետևյալ պայմանները՝ Ուկրաինան կիսով չափ կրճատում է իր բանակը, Կիևը հրաժարվում է Դոնբասից, Ուկրաինան հրաժարվում է որոշակի զինատեսակներից։
Միլլերի տվյալներով՝ Զելենսկին դժգոհ է համաձայնագրի նման տարբերակից։ «[Ծրագիրը] կնշանակի Ուկրաինայի կապիտուլյացիա, և, իմ ծանոթների կարծիքով, այն միայն Կրեմլի մաքսիմալիստական պահանջներն է պարունակում»,- նշել է Financial Times-ի թղթակիցը։
Մի քանի արևմտյան պարբերականներ նախօրեին հայտնել են, որ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի վերաբերյալ քննարկումները վերսկսվել են։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նոյեմբերի 18-ին հայտարարել է նաև, որ Կիևը պատրաստվում է «ակտիվացնել բանակցությունները» պատերազմը ավարտելու համար։
Axios-ը, վկայակոչելով աղբյուրներին, հայտնել է, որ Թրամփի վարչակազմը ռուս-ուկրաինական պատերազմը ավարտելու նոր ծրագիր է մշակում։ Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ-ն արդեն խորհրդակցություններ է անցկացրել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ։ Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևը Axios-ի լրագրողներին հայտնել է, որ այս անգամ «մենք զգում ենք, որ Ռուսաստանի դիրքորոշմանն իսկապես ականջալուր են լինում»։
Ռուսաստանի արտգործնախարարությունն այսօր ավելի վաղ հայտարարել է, որ ԱՄՆ-ը պաշտոնական խողովակներով չի դիմել Ռուսաստանին Ուկրաինայի վերաբերյալ որևէ համաձայնագրի վերաբերյալ։
Politico-ի աղբյուրները պնդում են, որ պատերազմն ավարտելու շրջանակային համաձայնագիրը, ըստ ամենայնի, նոյեմբերի վերջին, չի բացառվում նաև՝ «արդեն այս շաբաթ», կհամաձայնեցվեն բոլոր կողմերի միջև:





























