Թերթը գրում է, որ Հեռոուստառադիոպետկոմի, «Արմենպրեսի» նախկին նախագահ Տիգրան Հակոբյանը դեռ կալանքի տակ է: «Հիշեցնենք, որ խոսքն անասնապահական ֆերմայի հետ է կապված՝ «Ագրոհոլդինգ» ընկերության: Ռուսաստանցի գործարարը մոտ 500 հազար դոլարի ներդրումներ է արել այդ պրոյեկտի մեջ  եւ գտնում է, որ հայ գործընկերները՝ Տիգրան Հակոբյանն ու Վահան Մուսինյանը իրեն խաբել են: Այժմ Տիգրան Հակոբյանը կալանավորված է, իսկ Վահան Մուսինյանը հետախուզման մեջ է: Նրանց մեղադրում են մոտ 184 մլն դրամ գումարի վատնման մեջ: Ընդ որում, Հակոբյանին մեղսագրվող գումարը կազմում է նշված գումարի 10 տոկոսից պակաս մասը:  Մենք արդեն գրել  ենք, որ Հակոբյանի ընկերները եւ փաստաբանը փորձում են հասնել խափանման միջոցի փոփոխման եւ պատրաստ են վճարել գումարի նրա մասը: Ինչ վերաբերում է Մուսինյանին, ապա, թերթի տեղեկություններով, նա գտնվում է Ռուսաստանում եւ օրերս այնտեղից կապվել է նախաքննական մարմնի հետ եւ պատրաստակամություն հայտնել վերադառնալ Հայաստան»,- գրում է «Հրապարակ»-ը: