Սամվել Կարապետյանը խանգարում է գործող իշխանություններին։ Այս կարծիքը հայտնել է փաստաբան և «Մեր ձևով» շարժման ներկայացուցիչ Ռուբեն Մխիթարյանը՝ նոյեմբերի 20-ին կայացած մամուլի ասուլիսում։

«Ես 28 օր անցկացրի բանտում ոչնչի համար, բայց ազգային բարերար Սամվել Կարապետյանն արդեն հինգ ամիս է, ինչ բանտում է և դատարանը նրա կալանքը երկարաձգել է ևս երկու ամսով։ Սա ամոթալի է։ Նորմալ երկրում նման բան չէր լինի՝ մարդուն կտրել աշխատանքից և ընտանիքից «մեր ձևով» ասելու համար։ Սա վախի մասին է խոսում։ Սամվել Կարապետյանը պարզապես խանգարում է նրանց», - ասել է Ռուբեն Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը ձերբակալվել էր Հայ առաքելական եկեղեցուն հրապարակայնորեն ցուցաբերած աջակցության համար։ Կարապետյանը հայտարարել էր, որ կաջակցի եկեղեցուն «մեր ձևով»։ Իշխանությունները այդ արտահայտության մեջ քրեական ենթատեքստ են տեսել և ձերբակալել Կարապետյանին։ Ավելի ուշ մեղադրանքին ավելացվել է տնտեսական բաղադրիչը, հենց դա էլ թույլ է տվել երկարաձգել կալանքը։

Ռուբեն Մխիթարյանը ձերբակալվել էր այն բանի համար, որ հոկտեմբերի 20-ին ներկա է գտնվել Գյումրու քաղաքապետարանի դիմացի հրապարակում՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալության դեմ գյումրեցիների բողոքի ակցիայի ժամանակ։ Լինելով փաստաբան՝ Մխիթարյանը փորձել է հանդարտեցնել մարդկանց և նրանց իրավական օգնություն ցուցաբերել։ Մխիթարյանի գործողություններում իրավապահները նույնպես քրեական բաղադրիչ են տեսել։