Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնապես ստացել է ԱՄՆ-ից ծրագրի նախագիծը, որն, ըստ ամերիկյան կողմի, կարող է խթանել դիվանագիտությունը, հաղորդում է РБК-Украина-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահի գրասենյակի հայտարարությանը։

«Ռուսական ներխուժման առաջին վայրկյաններից ի վեր Ուկրաինան ձգտել է խաղաղության, և մենք աջակցում ենք բոլոր իմաստալից առաջարկներին, որոնք կարող են մոտեցնել իրական խաղաղությունը։ Այս տարվա սկզբից Ուկրաինան աջակցել է նախագահ Թրամփի առաջարկներին՝ արյունահեղությունը դադարեցնելու վերաբերյալ», - ասված է հայտարարության մեջ։

Զելենսկու գրասենյակում նշել են, որ Ուկրաինան խաղաղության հասնելու համար պատրաստ է կառուցողական համագործակցության ԱՄՆ-ի և ԵՄ-ում և ամբողջ աշխարհում նրա գործընկերների հետ։

«Ուկրաինայի նախագահն ակնկալում է առաջիկա օրերին նախագահ Թրամփի հետ քննարկել առկա դիվանագիտական ​​հնարավորությունները և խաղաղության համար անհրաժեշտ հիմնական կետերը»,- հայտնել են Ուկրաինայի նախագահի գրասենյակից։

Ամերիկյան Axios պորտալը, վկայակոչելով աղբյուրներին, նոյեմբերի 19-ին հաղորդել է, որ ԱՄՆ-ն «գաղտնի խորհրդակցություններ» է անցկացնում Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման նոր ծրագիր մշակելու համար: Ավելի ուշ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները օգոստոսին Ալյասկայում քննարկել են Ուկրաինայում խաղաղ կարգավորման հարցը, և որ այդ ժամանակից ի վեր «այս թեմայով նոր զարգացումներ չեն եղել»:

Financial Times-ի տվյալներով՝ ԱՄՆ առաջարկած ծրագիրը նախատեսում է Կիևին տրամադրվող ամերիկյան ռազմական օգնության կրճատում, կանոնիկ Ուկրաինական ուղղափառ եկեղեցու պաշտոնական կարգավիճակի ճանաչում և ռուսերենի հայտարարում որպես Ուկրաինայում պաշտոնական լեզու: Կիևը հրաժարվում է Դոնբասի ամբողջ տարածաշրջանի նկատմամբ վերահսկողությունից և կրճատում է Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակը: Ծրագիրը ներառում է նաև Ուկրաինայի տարածքում օտարերկրյա զորքերի տեղակայման և Կիևին հեռահար զենքի մատակարարման արգելք: Ինչպես հաղորդում է Axios-ը, ծրագիրը ենթադրում է, որ ԱՄՆ-ը և այլ երկրները Ղրիմը և Դոնբասը ճանաչում են որպես Ռուսաստանի օրինական տարածքներ: