Եվրամիությունն ունի Ուկրաինայում խաղաղության հստակ գործողությունների ծրագիր, որը բաղկացած է ընդամենը երկու կետից. առաջինը՝ թուլացնել Ռուսաստանը, իսկ երկրորդը՝ աջակցել Ուկրաինային: Դրա մասին, ըստ «Европейская правда»-ի՝  Բրյուսելում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Կայա Կալասը:

Կալլասը ներկայացրել է ԵՄ-ի խաղաղության հասնելու պարզ ծրագիրը՝ աջակցել Ուկրաինային և ճնշում գործադրել Ռուսաստանին թուլացնելու համար:

«Եվրամիությունը միշտ աջակցել է արդար, երկարատև և համապարփակ խաղաղությանը: Այսօր, իհարկե, մենք քննարկեցինք վերջին զարգացումները, և նախարար Սիբիգան մեզ ներկայացրեց Ուկրաինայի դիրքորոշումը»,- նշել է Կալասը:

Նա նշել է, որ ԵՄ դիրքորոշումը չի փոխվել. որպեսզի ցանկացած խաղաղության ծրագիր հաջող լինի, այն պետք է աջակցեն Ուկրաինան և Եվրոպան: «ԵՄ-ն ունի շատ հստակ երկու կետից բաղկացած ծրագիր: Առաջինը՝ թուլացնել Ռուսաստանը: Երկրորդ՝ աջակցել Ուկրաինային»,- ընդգծել է ԵՄ գլխավոր դիվանագետը:

Կալլասը հայտնել է, որ այսօր Եվրոպական հետախուզական կենտրոնի ղեկավարը և ԵՄ պատժամիջոցների գծով բանագնացը նախարարներին զեկուցել են Ռուսաստանի վրա ԵՄ պատժամիջոցների ազդեցության մասին։

Այդ տվյալներով՝ պատերազմի սկզբից ի վեր ռուսական հում նավթի արտահանումը վերջին ամիսներին ամենացածր մակարդակի վրա է, իսկ Ռուսաստանի նավթային հարկերի եկամուտները՝ ամենացածր մակարդակի վրա։

«Ռուսաստանը բազմիցս երեսպաշտորեն խոսել է խաղաղության բանակցությունների մասին, իսկ նախորդ բանակցությունները ձախողվել են, քանի որ Ռուսաստանը երբեք իրական պարտավորություններ չի ստանձնել։ Ճնշումը պետք է լինի ագրեսորի, այլ ոչ թե զոհի վրա»,- հայտարարել է Կալլասը։

Ավելի վաղ Կիևը պաշտոնապես հաստատել է, որ Ուկրաինայի նախագահը ստացել է ԱՄՆ խաղաղության ծրագիր և նախատեսում է այն քննարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Ամերիկյան Axios պորտալը, հղում անելով աղբյուրներին, նոյեմբերի 19-ին հայտնել է, որ ԱՄՆ-ն «գաղտնի խորհրդակցություններ» է անցկացնում Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու նոր 28-կետանոց ծրագիր մշակելու համար։