ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:
Իր խոսքում Ղազախստանի նախագահը նշել է. «Հայաստանի Հանրապետության վարչապետ, բարի գալուստ Ղազախստան։ Ձր այցը շատ կարևոր է երկու երկրների համար, մեր դինամիկ զարգացող ռազմավարական գործընկերության համար։ Հետևաբար մեր հարաբերությունները նոր խթան են ստանում և մենք վստահ ենք որ դա նաև նոր խթան կլինի մեր հետագա հարաբերությունների զարգացման համար։ Սա ձեր առաջին պաշտոնական այցն է Ղազախստան հետևաբար մենք դրան մեծ կարևորություն ենք տալիս։ Հուսով եմ, որ այն լավ կանցնի և հուսով եմ, որ ղազախ ժողովրդի համար, մեր պատմության համար, մեր ավանդույթների համար, մեր մշակույթի համար, այս այցի կարևորությունը կլինի էական։
Ձեր այցի ժամանակ կարևորագույն մի շարք համաձայնագրեր, փաստաթղթեր կստորագրվեն։ Եվս մեկ անգամ ցանկանում եմ ձեզ ողջունել Ղազախստանում»։
Իր հերթին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել պաշտոնական այցով Ղազախստան գալու և ջերմ ընդունելության համար։ Ես իսկապես համաձայն եմ, որ այս այցը նոր լիցք կհաղորդի մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը, և ուզում եմ ընդգծել այդ գործում ձեր անձնական ներդրումը և դերը և շնորհակալություն հայտնել դրա համար։
Ես կարծում եմ, որ մեր հարաբերությունների այս նոր շրջափուլը բացվեց նախորդ տարի ձեր Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի արդյունքներով, որտեղ մենք մի շարք կարևոր պայմանավորվածություններ ձեռք բերեցինք։ Այդ պայմանավորվածությունների մի մասը արդեն կատարվել է, մյուս մասը կատարման ընթացքի մեջ է, և սա իսկապես շատ գործնական և ռազմավարական գործընկերություն է։
Ես համոզված եմ, որ այս այցի շրջանակներում մենք այդ ամենի հետագա զարգացումը կապահովենք։ Ինձ համար մեծ պատիվ է պաշտոնական այցով Ղազախստանում լինելը և ձեր կողմից հյուրընկալվել։
Ես նաև մեծ հաճույքով ուզում եմ ընդգծել, որ սա մեր երկրների, մեր կառավարությունների և մեր երկու երկրների առաջնորդների միջև փոխվստահության շատ կարևոր արտահայտություն է, ինչը ամենևին էլ երկրորդական դեր չունի մեր երկրների հարաբերությունների զարգացման և խորացման համար»։
Ավելի վաղ տեղի էր ունեցել վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունը: Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի կենտրոնական փողոցներից մեկը անվանակոչվել է Մեսրոպ Մաշտոցի անվամբ:
Վարչապետը հանդիպումներ կունենա նաև Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովի և Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի հետ:




























