Աշխատում  ենք ամերիկյան կողմի պատրաստած փաստաթղթի վրա։ Դա պետք է լինի իրական, արժանի խաղաղություն ապահովող պլան։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի ղեկավարների հետ խոսակցության արդյունքում, տեղեկացրել է УНИАН-ը։

«Սերտորեն համակարգում ենք, որպեսզի սկզբունքային դիրքորոշումները հաշվի առնվեն։ Համակարգել ենք հետեւյալ քայլերը եւ պայմանավորվել, որ թիմը համապատասխան մակարդակներում կաշխատի միասին»,- նշել է նա։

Մերցը, Մակրոնը եւ Սթարմերը Զելենսկու հետ զրույցից հետո հայտնել են, որ Ուկրաինայում ճակատի ներկայիս գիծը պետք է «մեկնակետ» լինի ցանկացած տարածքային բանավեճի համար։

Նրանք ողջունել են պատերազմն ավարտելու ԱՄՆ ջանքերը եւ պատրաստ են Ուկրաինային «անվտանգության հուսալի երաշխիքներ» տալ։

Եվրոպացի առաջնորդները նաեւ ընդգծել են, որ խաղաղության ցանկացած համաձայնագիր, որը կվերաբերի եվրոպական երկրներին, ԵՄ-ին կամ ՆԱՏՕ-ին, պահանջում է եվրոպացի գործընկերների հավանությունը կամ կոնսենսուս դաշնակիցների շրջանում։

Ինչպես տեղեկացրել է Bloomberg-ը, եվրոպացի գործընկերները Զելենսկու հետ միասին մերժել են պատերազմն ավարտելու ԱՄՆ պլանի առանցքային առաջարկները։

Մերցը, Մակրոնը եւ Սթարմերը համաձայնել են Զելենսկու հետ, որ չի կարելի կրճատել Ուկրաինայի ԶՈւ թվաքանակը։

Ընդ որում՝ The Telegraph-ը նշել է, որ Մեծ Բրիտանիան Ուկրաինային կառաջարկի անվտանգության երաշխիքներ ՆԱՏՕ օրինակով, պատերազմը դադարեցնելու Թրամփի պլանի շրջանակում։