Ինչպիսին էլ լինի Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումը, հատկապես եթե այն բացասական լինի մեզ համար, չի կարելի հիասթափվել, այլ պետք է շարունակել պայքարը: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Նրա խոսքով, եթե օրինագիծը սահմանադրական ճանաչվի եւ օրենքի ուժ ստանա, այդ ձեռքբերման հիման վրա պետք է ողջ Եվրամիությունում հասնել նման օրենքների ընդունմանը:

ՀՅԴ ներկայացուցիչը հիշեցրել է, որ Սահմանադրական խորհուրդը կարող է երեք որոշում ընդունել` որ չի համապատասխանում,  մասամբ է համապատասխանում կամ համապատասխանում է Սահմանադրությանը: Երկրորդ դեպքում օրինագիծն ուղարկվում է Ազգային Ժողով, իսկ առաջին դեպքում Սարկոզին հայտարարել է նոր օրինագիծ ներկայացնելու մտադրության մասին: «Բոլոր երեք շանսերն էլ հավասար հնարավորություններ ունեն»,- ընդգծել է Մանոյանը:

Նա նշել է, որ նախագահ Սարկոզին այսօր հանդիպում է հայ համայնքի ներկայացուցիչների հետ` քննարկելու հետագա քայլերը:
Հունվարի 23-ին Սենատն ընդունել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը, որի դեմ բողոք են ներկայացրել 70-ից ավելի սենատորներ: